Թուրքիան համապարփակ արգելք է սահմանել Հնդկաստան՝ զենքի և պաշտպանական արտադրանքի արտահանման
Թուրքական կառավարությունն աննկատ համապարփակ արգելք է սահմանել զենքի և պաշտպանության ոլորտին առնչվող ապրանքների արտահանման վրա Հնդկաստան՝ Պակիստանին աջակցելու նպատակով։Այս մասին թուրքական խորհրդարանի փակ նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը, գրում է Nordic Monitor-ը։
Ըստ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 10-ի քննարկման սղագրության՝ Թուրքիայի զենքի գնման գլխավոր գործակալության՝ Պաշտպանական արդյունաբերության կոմիտեի (SSB) փոխնախագահ Մուստաֆա Մուրադ Շեքերը բացահայտել է Հնդկաստանի նկատմամբ կառավարության գաղտնի քաղաքականությունը։ Նախազգուշացնելով, որ իր որոշ բացահայտումներ գաղտնի են, Շեքերը օրենսդիրներին ասել է, որ որևէ ապրանքի վաճառք, որը կարող է մեկնաբանվել որպես ռազմական և պաշտպանական արդյունաբերության մաս, չի հաստատվել կառավարության կողմից, երբ հաճախորդը Հնդկաստանում է եղել։
«Հնդկաստանը, օրինակ, զենքի խոշորագույն ներկրողներից մեկն է աշխարհում, այն հսկայական շուկա է, որը ներկրում է մոտ 100 միլիարդ դոլարի զենք: Այնուամենայնիվ, ելնելով մեր քաղաքական հանգամանքներից և Պակիստանի հետ մեր բարեկամությունից, մեր արտաքին գործերի նախարարությունը մեզ դրական արձագանք չի տալիս Հնդկաստան որևէ ապրանք արտահանելու համար, և հետևաբար մենք որևէ թույլտվություն չենք տալիս մեր ընկերություններին այս առումով», – ասել է նա։
Արտերկրում թուրքական պաշտպանական արտադրանքի վաճառքը պահանջում է թուրքական բանակի, SSB-ի և ԱԳՆ-ի նախնական համաձայնությունը: Հնդկաստանը հայտնվել է այն երկրների սև ցուցակում, որոնց Թուրքիան չի կարող վաճառել ռազմական և պաշտպանական միջոցներ:
Աղբյուրը՝ Factor.am
Add new comment