մգ

Որպեսզի COP29-ին մասնակցությունը դառնա իրականություն, Բաքուն պետք է քայլեր անի. Անդրանիկ Քոչարյան

Որպեսզի COP29-ին Արարատ Միրզոյանի մասնակցությունը դառնա իրականություն, պետք Բաքուն ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի պատասխանում հարցին՝ արդյոք Արարատ Միրզոյանը կընդունի Բաքվի հրավերը և կմեկնի Ադրբեջան։

«Ազատություն». - Նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29-ը և Բաքուն արդեն հրավիրել է նաև Հայաստանի արտգործնախարարին մասնակցելու այդ համաժողովին, ինչպե՞ս եք գնահատում այս հրավերը:

Անդրանիկ Քոչարյան. - Առաջարկը նորմալ, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ:

«Ազատություն». - Ճի՞շտ է նոյեմբերին Բաքու գնալը:

Քոչարյան. - Իհարկե, բայց գնալու համար պետք է Բաքուն շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք:

«Ազատություն». - Օրինակ ի՞նչ:

Քոչարյան. - Պետք է փոխի իր ինչ-որ հռետորաբանությունը, պետք է ինքն էլ ձգտի խաղաղության, ոնց մենք ենք ձգտում:

«Ազատություն». - Պե՞տք է հրաժարվի պահանջից, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, ԵԱՏՄ Մինսկի խմբից դուրս գա:

Քոչարյան. - Ինքը ոչ թե պետք է պահանջներ դնի, այլ պետք է ձգտի խաղաղության հասնելու ճանապարհներ: Էդ պահանջներով ինքը խաղաղության հասնելու ճանապարհները սահմանափակում է: Շատ կարևոր է էն պահանջների իրացումը, որոնք իրատեսական են, կարող ես պահանջներ դնել, բայց դա իրատեսական չի լինի: Պահանջը դնում ես և դառնում ես գերի էդ պահանջներին, բայց որ պետք է խոսել, քան կրակել, դա քննարկման թեմա չի: Իհարկե, պետք է խոսել, խոսել այն հարցի շուրջ, որը կապահովի խաղաղություն:

«Ազատություն». - Պարոն Քոչարյան, Դուք ճիշտ եք համարում Բաքու գնալը, սակայն, ընդդիմության համոզմամբ, դա արկածախնդրություն է և Հայաստանն այս քայլով որևէ օգուտ այդ այցից չի ստանալու, ընդամենը Բաքվին օգնելու է միջազգային հանրության առջև հանդես գալ իբրև կառուցողական երկիր, որը չնայած այս շատ բարդ հարաբերության, հրավիրում է Հայաստանին:

Քոչարյան. - Խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ իրեն անվտանգային հարցերից դուրս է դրել: Ի՞նչ է նշանակում, արկածախնդիր, երբ որ քննարկումները միտված են լինելու խաղաղության հասնելուն: Ոչ, ցանկացած խոսակցություն, որը բացառում է կրակելը և տալիս է հնարավորություն էդ նպատակին հասնելու, պետք է իրացնել:

«Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է, որ Բաքում մեկնելով նաև այդ ընթացքում գերիների վերադարձի հարցը լուծվի:

Քոչարյան. - Հրավերի առաջարկ անող կողմը պետք է նաև ստեղծի այդ պայմանները, որպեսզի հրավիրյալ կողմը անկաշկանդ կարողանա գնա և վստահաբար լինի խաղաղության հասնելու նպատակին հասնելու քննարկումներ:

«Ազատություն». - Այդ քայլերից մեկը կարո՞ղ է լինել գերիների վերադարձը:

Քոչարյան. - Իհարկե, գերիների վերադարձը մշտական լուծում պահանջող օրակարգ է ամեն վայրկյան, ամեն օր, և փնտրտուքը շարունակաբար շարունակվում է: Եվ քանի դեռ կան գերիներ նշանակում է խաղաղության հասնելու նպատակին կա խոչընդոտ, գերիներն անշեղորեն պետք է ազատության մեջ լինել: Պետք է գերի չլինի, գերու բացակայությունը տալիս է մեծ հնարավորություն խաղաղության հասնելու, երբ որ գերի կա, խոսել խաղաղության մասին մի քիչ շատ բարդ է:

 

Add new comment