Չավուշօղլուն հերքել է Սիրիայից փախստականների հոսքի մասին պնդումները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքում է Սիրիայից Թուրքիա փախստականների հոսքի առկայության մասին պնդումները։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Չավուշօղլուն այս մասին ասել է Լիբիայի արտգործնախարար Նալա Մանգուշի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
Չավուշօղլուի խոսքով՝ լայնածավալ աղետի պայմաններում համաշխարհային հանրությունը ձգտում է օգնել ոչ միայն Թուրքիային, այլև Սիրիային։ Նա շեշտել է, որ Սիրիային օգնություն մատակարարելու համար Թուրքիան բացել է իր օդային տարածքը։
Վերջինս նշել է, որ Թուրքիայի սահմանային անցակետով երկար տարիներ է, ինչ օգնություն է տրամադրվում Սիրիային։ «Ճանապարհների և կամուրջների վերանորոգման հետ մեկտեղ աճում է անցակետով ՄԱԿ-ի օգնությունը հասցնող բեռնատարների թիվը»,- ասել է նա։
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ երկիրն իր միջազգային գործընկերներին և ՄԱԿ-ին հայտնել է, որ պատրաստ է Սիրիայի հետ ևս երկու ցամաքային անցակետ բացել՝ այդ երկրի բնակչությանն օգնելու համար։
«Անցակետերի առկայությունը չի նշանակում, որ սիրիացիները զանգվածային կերպով գալիս են Թուրքիա։ Առաջնահերթությունն այս պահին աղետի գոտու բնակչությանն օգնելն է»,- շեշտել է նա։
Չավուշօղլուն նաև հավելել է, որ Թուրքիան սահմանային անցակետեր չի բացի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ։
Add new comment