Ռուսաստանն անիրատեսական է համարում ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը Գազայի հատվածում զինադադարի հիմնական նախապայման է համարում, սակայն այդ խնդիրն անիրատեսական է։ Այս մասին Մալայզիա կատարած այցից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այս արյունահեղությունը դադարեցնելու հեռանկար դեռևս չկա։ Իսրայելը, վարչապետ Նաթանյահուի շուրթերով, արձագանքելով հրադադարի կոչերին,պատասխանել է, որ դա չի լինի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն ամբողջապես չի ոչնչացվել: Իմ կարծիքով, և այս տեսակետին համամիտ են իմ գործընկերներից շատերը, անիրատեսական խնդիր է ամբողջությամբ ոչնչացնել գոյություն ունեցող կազմակերպությունը, որն ունի բավարար հնարավորություններ և բավարար աջակցություն, այդ թվում՝ մուսուլմանական աշխարհում»,- ասել է ռուսաստանցի նախարարը։
Լավրովը նշել է, որ որոշ երկրներ փորձում են նոր փոխզիջումային առաջարկներ պատրաստել, որոնք բռնության փուլային դադարեցում են նախատեսում՝ «հաշվի առնելով, որ Իսրայելը հրաժարվում է անհապաղ զինադադարից»։
«Արաբական որոշ երկրներ՝ Եգիպտոսը, Քաթարը, աշխատում են ամերիկացիների հետ, նրանք հանդիպումներ են անցկացնում նաև իսրայելցիների հետ։ Ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ, որ պաղեստինցիներն իրենք չեն մասնակցում հանդիպումներին, որոնք վերջնական արդյունքում կոչված են վճռել նրանց ճակատագիրը: Եվ այս առումով մենք կշարունակենք նպաստել պաղեստինյան միասնության վերականգնմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Աղբյուրը՝ News.am
Add new comment