Պետքարտուղարությունը ակտիվորեն զբաղվում է Բաքվի կողմից պահվող հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակով. Պատել

Հարավային Կովկասում ստեղծված ավելի լայն իրավիճակի համատեքստում ԱՄՆ պետքարտուղարը և պետքարտուղարությունը շարունակում են ակտիվորեն զբաղվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրով։ «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողը շեշտել է, որ արդեն չորս տարի է՝ Ադրբեջանի բանտերում հայ ռազմագերիներ են պահվում, և շուրջ մեկ տարի է, ինչ Ադրբեջանի կողմից հերթական չհրահրված հարձակումից հետո Բաքվի բանտերում են նաև Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական գործիչները։ Նա նաև հղում է արել «Freedom House»-ին՝ նշելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Ղարաբաղի տարածքն ամենաանազատն է աշխարհում և այդ առումով գերազանցում է անգամ Հյուսիսային Կորեային, Վենեսուելային, Սիրիային ու Աֆղանստանին, ինչպես նաև հետաքրքրվելով, թե արդյոք Վաշինգտոնը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, և կարող է արդյոք ԱՄՆ վարչակազմն օգնել Բաքվում կալանավորված հայերի ազատ արձակմանը։

«Ես ձեզ համար որևէ նորություն չունեմ այս գործընթացի հետ կապված։ Ինչ վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների հետ վարվի մարդկայնորեն ու միջազգային իրավունքին համապատասխան և հարգի կալանավորների մարդու իրավունքները, և դա շարունակում է ճիշտ մնալ այստեղ»,- ասել է Պատելը:

Պաշտոնապես Ադրբեջանը հաստատում է միայն 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կալանավորումը, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են ևս 80 հայ գերիների մասին:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին ղեկավար և նախկին օգնականը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտերում են: Ձերբակալվածների թվում են նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։

Add new comment