Էդմոն Մարուքյանը` Գորիս-Կապան մայրուղու 21 կմ-ն Բաքվին հանձնելու մասին

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է իր պատմությունները 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների մասին։

«2020 թվականի երկրորդ կեսն էր, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանի զինվորները ադրբեջանական դրոշով հայտնվել են Գորիս-Կապան ճանապարհահատվածի վրա և հայկական մեքենաները գնում, ահաբեկվում են։ Սրանով սկսվում է պատմությունը, որ Գորիս-Կապան մայրուղին շուրջ 21 կմ դառնում է վիճարկելի տարածք և զիջվում է Ադրբեջանին։

Այս պատմության վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ կան։ Օրեր առաջ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասում է, որ ինքը, ԱԳՆ-ն տեղյակ չի եղել՝ ինչպե՞ս է Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել Բաքվին, և ի՞նչ հուշագիր է ստորագրվել Բաքվին հանձնելու համար։ Ասում է, թե ինքը համաձայն չի եղել,  բայց հետո իմացել է, որ կա ինչ-որ հուշագիր, պահանջել է այդ հուշագիրը։ Պատկերացրեք` դեկտեմբեր ամսից մինչև մայիսի 21-ը պահանջել, պահանջել է, բայց այդպես էլ ԱԳՆ-ն չի ստացել այդ հուշագիրը ՊՆ-ից։ Նա ասում է, որ ՊՆ-ն է տորագրել այս հուշագիրը»,- ասում է Մարուքյանը և շարունակում, որ կան վարչապետի, իշխանական տարբեր ներկայացուցիչների, ԱԽ քարտուղարի հայտարարությունները։ Բայց հիմնական դրույթը հետևյալն է եղել. որպեսզի պատերազմը նոյեմբերի 9-ի հրադադարից հետո չտեղափոխվի Սյունիք, իշխանությունը վարչապետի գլխավորությամբ քաղաքական որոշում է ընդունել և գնացել այն ճանապարհով, որ Ադրբեջանին են զիջում այս 21 կմ ճանապարհը։

«Սակայն հետագայում հրապարակվում է փաստաթուղթ, որը ստորագրվել է եռակողմ ֆորմատով և ըստ այդ փաստաթղթի` ունեցել է նոյեմբերի 9-ի եռակում հայտարարության տրամաբանական շարունակությունը։ Այն հանգամանքները, որոնք տեղ չեն գտել փաստաթղթում, այստեղ են կիրառվել»,- պատմում է Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ պարզվում է, որ այդ հուշագիրը ստորագրվել է ի կատարումն նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետի։ Բայց որևէ մեկի չի ասվում, որ կնքվել է, այլ ասվում է, թե բանավոր պայմանավորվածություններ կան։

«Բնականաբար, իշխանությունը չի հերքում, որ փաստաթուղթը ստորագրվել է, հետևաբար, այն դառնում է հավաստի փաստաթուղթ, որի մասին այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն ու բոլորն են խոսել տարբեր առիթներով»,- ասում է Մարուքյանը, որից հետո ներկայացնում է այդ փաստաթղթով սահմանված այն քայլերի հաջորդականությունը, որոնք իրականացվել են հօգուտ Ադրբեջանի, ի վնաս Հայաստանի, սակայն հանրությանը ներկայացվել են որպես մեր դիվանագիտության ձեռքբերումներ։

Մանրամասն՝ տեսանյութում

Add new comment