39

Ինչո՞ւ Տոյվո Կլաարը սկսեց խոսել արցախցիների շահերից. Դավիթ Գալստյան․ «Առավոտ»

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի ու նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն՝ իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ. «Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում: Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով:

Իմ կարծիքով՝ կարգավորումը նշանակում է բաց վերքերի բացակայություն, և հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս: Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել: Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է»:

ԵՄ պաշտոնյան նաև ասել է. «Ես խորապես համոզված եմ, որ բոլոր գերիների ազատ արձակումը, բոլոր կողմերի լավ և արդյունավետ համագործակցությունը անհայտ կորածների ճակատագրի, ինչպես նաև ականազերծման ջանքերի հարցում վճռորոշ տարրեր են կայուն խաղաղության և թշնամության ու բռնության էջը վերջնականապես փակելու համար»:

Արցախի շրջափակման ողջ ընթացքում և դրանից առաջ՝ 2020 թվականի պատերազմին հաջորդած շրջանում, Տոյվո Կլաարը չեզոք միջնորդի դիրքից հանդես չեկավ, այլ աչքի ընկավ ակնհայտ ադրբեջանամետ կեցվածքով:

Թե ի՞նչն է ստիպել եվրոպացի դիվանագետին կամ ԵՄ-ին վերանայել դիրքորոշումը, «Aravot.am»-ի հարցին Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը պատասխանեց. «Բոլոր գերտերությունները, նրանց ներկայացուցիչները խոսում են՝ տվյալ տարածաշրջանում իրենց երկրների շահերից ելնելով. խոսելով Արցախի ժողովրդի վերադարձի մասին` նրանք խոսում են իրենց շահերի մասին, տարածաշրջանում Ադրբեջանի դիրքերը թուլացնելու մասին, ոչ թե Արցախի ժողովրդի կամ Հայաստանի շահերը պաշտպանելու: Բայց միանշանակ ողջունելի է, որ այդ հարթակներում արդեն իսկ սկսել են խոսել Արցախի հայերի վերադարձի մասին: Մեզ ձեռնտու է, որ միջազգային հարթակներում խոսեն Արցախի բնակչության վերադարձի մասին, բայց մենք մեր դիվանագիտությունը պետք է կառուցենք այնպես, որ դրանից օգուտներ քաղենք, ոչ թե լռենք՝ հերթական անգամ թույլ տալով այլ պետությունների միջև քաղաքական առևտուրը, որը, ի վերջո, կարող է նաև վնասել ընդհանուր հայկական շահերին: Մենք բազմիցս ենք ասել, որ Արցախի հայերը պետք է վերադառնան Արցախ, պետք է սկսվեն բանակցություններ Արցախի բնակչության վերադարձի իրավունքի մասով: Ցավալի է, որ Հայաստանն այսօր չի խոսում այդ մասին»:

Մեր զրուցակիցը նկատում է՝ Արցախի շրջափակման ողջ ընթացքում  «միջազգային հանրույթը» լռում էր՝ Ադրբեջանի վարած ակտիվ և Հայաստանի պասիվ, հաճախ հակասական դիվանագիտության արդյունքում: Ադրբեջանն անգամ կարողացավ միջազգային հարթակներում հասնել նրան, որ Հաագայի դատարանի որոշումը՝ Բերձորի միջանցքը բացելու վերաբերյալ չկատարելու արդյունքում որևէ պատասխանատվություն չկրեց:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Add new comment