Submitted by D.Guyumjyan on
դետք

Փեզեշքիանը Մակրոնի հետ զրույցում պահանջել է, որ Արևմուտքը դադարեցնի զենքի մատակարարումը Իսրայելին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները և արևմտյան երկրները պետք է անհապաղ դադարեցնեն զենք մատակարարել Իսրայելի ռեժիմին, եթե ձգտում են խաղաղության և անվտանգության։ Նա ասել է, որ Հանիեի սպանությունը, որն Իրանում էր պաշտոնական հյուրի կարգավիճակով, Իսրայելի կողմից տարածաշրջանում պատերազմի կրակն ավելի բորբոքելու փորձ էր:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնարար սկզբունքներն է համարում պատերազմի կանխումը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերը։ Սակայն միջազգային պայմանագրերի և օրենքների շրջանակում այն ​​երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման պարագայում»,- ասել է Իրանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջը։

Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ ԱՄՆ-ն և արևմտյան երկրներն աջակցել են Իսրայելին վերջինիս գործողությունները դատապարտելու փոխարեն։ Մինչդեռ Իրանը մշտապես վճռորոշ դեր է խաղացել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման գործում, ուստի իրեն իրավունք է վերապահում համաչափ պատասխան տալու Իսրայելի ագրեսիայի ակտին․ «Միացյալ Նահանգները և արևմտյան երկրներն աջակցում են մի ռեժիմի, որը չի ենթարկվում միջազգային օրենքներին ու կանոնակարգերից որևէ մեկին և տարածաշրջանում հանցավոր գործողություններից ձեռնպահ չի մնում՝ հավատարիմ մնալով իրարամերժ և երկիմաստ մոտեցմանը»։

Իրանի նախագահը հավելել է, որ եթե ԱՄՆ-ն ու Արևմուտքը ցանկանում են կանխել պատերազմն ու անվտանգության բացակայությունը տարածաշրջանում, պետք է անհապաղ դադարեցնեն զենք վաճառելն ու Իսրայելին աջակցելը և ստիպեն նրան դադարեցնել հարձակումները Գազայի վրա և համաձայնել հրադադարի։

 

Add new comment