Ադրբեջանում ու Թուրքիայում հետևողականորեն ներդրված է հայատյաց պետական քաղաքականություն, սկսած դպրոցական դասագրքերից. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է արել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ազգայնականության նկատմամբ աշխարհաքաղաքական ուժերը չունեն միատեսակ դիրքորոշում, այն ընդամենը համարվում է խոցելի երկրներին կառավարելի դարձնելու գործիք։ Այս հարցում չկան «եվրոպական» կայուն չափանիշներ։
Եթե այն ծառայում է, օրինակ՝ հակառուսական նկրտումներին, ապա խիստ խրախուսվում է (Ուկրաինա, Վրաստան, միջինասիական երկրներ և այլն), անգամ՝ ֆաշիզմի դրսևորումներով։
Ինչո՞ւ է այն Հայաստանում բացահայտ թիրախավորվում, նսեմացվում ու ծաղրի առարկա դառնում (արդիական են դարձել ծաղրանքով հնչող «հայուգեն», «ապրեք ներկայով, ոչ թե պատմության փառքով» և այլ նույնիսկ արտաքուստ համոզիչ կոդավորված արտահայտությունները)։ Բնորոշ է այն, որ մեր Երկրում «Եկեղեցու պատմությունը», որպես ինքնուրույն առարկա, ավելորդ է համարվում, մինչդեռ՝ Վրաստանում ճիշտ հակառակը՝ նախաձեռնում են այն ներառել ուսումնական ծրագրեր։
Հայաստանի պարագայում պակաս կարևոր չէ հակառուսականությունը, սակայն այդ խնդիրը լուծվում է արդեն այլ հարթությամբ, փոխկապակցելով ազգային անվտանգության գործոնի հետ։ Իսկ այ ազգայնականությունը դիտարկվում է իբրև չարիք՝ թուրք֊ադրբեջանական բարեկամության համատեքստում, ընդհուպ՝ Նժդեհը հռչակվում է ֆաշիստ և այլն։ Հընթացս աննախադեպ թափ է հավաքում պատմության համակարգված խեղաթյուրումը, մարդկանց «կեղծ հայրենասեր» անվանելով, չեզոքացնելու փորձերը և այլն։ Եվ այս համատեքստում բնավ կարևորություն չի տրվում, որ նույն ադրբեջանում ու թուրքիայում հետևողականորեն ներդրված է հայատյաց պետական քաղաքականություն, սկսած դպրոցական դասագրքերից։ Եթե իրոք, պատմամշակութային արժեքները այդչափ անարժեք են, բա հարց տվեք՝ ինչո՞ւ է ադրբեջանը հետևողականորեն յուրացնում դրանք, ինչո՞ւ է այդ արժեքները կեղծարարությամբ յուրացնելու վրա միլիարդներ ծախսում։
Հ.Գ.: Ինքս էլ կողմ եմ, որ երբեք չբավարարվենք միայն մեր ազգային մեծարժեք պատմությամբ, ապրենք այսօրվա կյանքով, բայց այնպես, որ արժանի լինենք նույն այդ պատմությանը։ Երբեք չի կարելի տրվել «Բավ է անցյալով ապրեք, ապրեք ներկայով» բարոյախրատական գուցե գրավիչ թեզին։ Որ պահին մոռանանք փառավոր անցյալը, կդառնանք էլ ավելի հարմարվող, կոմպլեքսավորված ու անվստահ ....»:
Add new comment