ադավ

Ինքնախոստովանական ցուցմունք է. իսրայելագետը՝ Ադրբեջանից Իսրայելի զինծառայողների հեռանալու կոչի մասին

Իսրայելագետ Արման Խաչատրյանը իսրայելական պետական հեռուստաընկերությունում հայտնված տեղեկատվությունը՝ Ադրբեջանից Իսրայելի զորքերի վերադառնալու կոչի մասին, ինքնախոստովանական ցուցմունք է համարում: Իսրայելագետը նման համոզմունք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Իսրայելական պետական լրատվամիջոցում հայտնված տեղեկատվությունը կարելի է համարել ինքնախոստովանական ցուցմունք՝ Իսրայելի՝ և ՛ Ադրբեջանում, և ՛ Վրաստանում ներգրավվածության վերաբերյալ»,-ասաց Խաչատրյանը:

Թե այս ինքնախոստովանությունն ինչ հետևանքներ կունենա, իսրայելագետը չի շտապում կանխատեսումներ անել: Սակայն նա շեշտում է այն հանգամանքը, թե Հայաստանն ու Իրանը Իսրայելի այդ ինքնախոստովանական ցուցմունքը որքանով կդարձնեն իրենց քաղաքական օրակարգի մաս:

«Եթե Իսրայելն այս հայտարարությամբ խոստովանում է, որ ուժեր ունի Ադրբեջանում և Վրաստանում, նշանակում է, որ և՛ Իրանը, և՛ Հայաստանը պետք է այս հարցը դարձնեն քննարկման առարկա»,–ասաց նա:

Ըստ իսրայելագետի՝ հետևանքը մեծ հաշվով կախված է նրանից, թե ոչ միայն Հայաստանի դիվանագիտական կորպուսը, այլ նաև Իրանն այս հայտարարությունն ինչպես կփորձեն դարձնել «քաղաքական զենք», քաղաքական սկանդալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։ Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և իսրայելական հարվածից Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Հանիյեի սպանության մեջ Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ անպատասխան չեն թողնի դա:

Add new comment