8765

Պուտինի «գիշերային» այցը Բաքու. հետաքրքիր հանգամանքներ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Պուտինի «գիշերային» այցը Բաքու, եւ ուշ երեկոյան հյուրընկալվելը Ալիեւներին, անշուշտ «մերձությունն» ընդգծող հանգամանք է: Այստեղ հետաքրքիր է, թե արդյո՞ք այդ հանգամանքի վրա պնդել է Ալիեւը՝ որպես այցն ընդունելու պայման: Թե՞ ռուսական կողմն է «գաղափարի» հեղինակը, իսկ Ադրբեջանը պարզապես չի մերժել:

Սա լոկ արարողակարգային դետալ չէ, այդ դետալներին պետությունների ղեկավարների այցերի ընթացքում տրվում է էական նշանակություն, քանի որ դրանք պարունակում են քաղաքական մեսիջներ:

Օրինակ, այդ առնչությամբ հիշատակեմ մի դեպք՝ գրեթե քսանամյա վաղեմության: Եթե հիշողությունս չի դավաճանում, 2005-ի մարտին էր, Պուտինն այցելել էր Բաքու, որտեղից պետք է գար Երեւան: Մամուլում գրվեց, որ Երեւանը աշխատանք էր տարել, որպեսզի գիշերը Պուտինն անցկացնի Հայաստանում, այլ ոչ թե Ադրբեջանում՝ եւ միայն առավոտյան ժամանակի Երեւան: Պուտինը Երեւան ժամանեց գրեթե կեսգիշերին:

Անշուշտ, ընդհանուր առմամբ այս փոքր, բայց էական դետալներն այդուհանդերձ ներկայիս այցի ավելի մասշտաբային օրակարգի խճանկարի մի կտոր են: Օրակարգն ըստ իս ընդգրկելու է Ուկրաինայից մինչեւ Մերձավոր Արեւելք եւ Թուրքիայից մինչեւ Կենտրոնական Ասիա, բայց առանցքային շեշտադրումն ըստ իս կլինի Հյուսիս-հարավի վրա: 

Ընդ որում, այդ մասին խոսում եմ արդեն շաբաթներ: 

Միաժամանակ, ուշադրություն դարձնենք, որ Բաքու այցի մասին խոսվեց Կուրսկում ուկրաինական գործողությունից հետո: Ինչու՞ չէր խոսվում մինչ այդ, ինչու՞ հուլիսին Աստանայում Ալիեւի հետ հանդիպումից հետո չխոսվեց մոտալուտ Պետական այցի մասին: Կարծում եմ, այցի բուն մոտիվը առաջացել է Կուրսկում իրավիճակից հետո:

Իսկ ի՞նչ իրավիճակ է եղել Կուրսկում: Ռազմական առումով հասկանալի է: Խոսքս քաղաքականի մասին է: Ինչպես արդեն ասել եմ, Կուրսկը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկու էական պայմանավորվածություն է եղել ԱՄն ու Ռուսաստանի միջեւ՝ այն էլ հետախուզությունների ներգրավումով: Կուրսկը որեւէ կերպ չի տեղավորվում այդ ֆոնի մեջ: Հետեւաբար, կամ Ուկրաինան «թռել» է ամերիկացիների «գլխի վրայով»՝ ի դեպ Վաշինգտոնը հենց այդպես էլ հայտարարում է, որ բացարձակ տեղյակ չի եղել, կամ ինչ որ այլ ուժային կենտրոն Կիեւին մղել է այդ գործողության, ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների մեջ «սեպ» խրելու համար:

Եվ այդտեղ հիշեցրի, թե, հենց Ուկրաինայի իշխող կուսակցության խմբակցության ղեկավարի խոսքով՝ ո՞վ էր տապալել 2022-ի մարտի ստամբուլյան համաձայնությունները՝ Բրիտանիան:

Եվ ո՞վ էր վերջերս փորձում «խցկվել» հայ-ադրբեջանական տիրույթ: Բրիտանիան:

Հարցերը պետք է նայել շղթայով, «լեռնաշղթայով»: Պուտինը Բաքու այցն ըստ ամենայնի «օրհնյալ» է նաեւ Վաշինգտոնի համար՝ Բրիտանիայի «դեստրուկտիվ» վարքագիծը զսպելու համար, այդ կերպ նաեւ ցույց տալու համար ռուսներին, որ իրապես կապ չեն ունեցել Կիեւի գործողությունների հետ եւ հետեւաբար մի ձեռքով պայմանավորվելով, մյուսով չեն խփել:

Սա իհարկե բոլորովին չի նշանակում, թե այցն ունի ռուս-ամերիկյան ընդհանուր օրակարգ: Բոլորովին: Ինչ խոսք, շատ հարցերում նրանք կարող են ունենալ ընդհանրական մոտեցումներ, սակայն մեծ հաշվովմ, ըստ իս, ռուս-ամերիկյան կոմունիկացիան, քննարկումները ոչ թե ընդհանուր օրակարգի, այլ դիմակայության, այլ կերպ ասած՝ համաշխարհային պատերազմի կանոնների մասին են»: 

 

Add new comment