Երբ Լավրովը խոսում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի մասին, հետաքրքիր է՝ մյուս կետերը հիշո՞ւմ է․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է«Երբ Լավրովը խոսում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի մասին, հետաքրքիր է, իսկ մյուս կետերը հիշո՞ւմ է։

Օրինակ` պարոն Լավրովը հիշո՞ւմ է, որ պետք է գոյություն ունենար Լաչինի միջանցք, որը պետք է ՀՀ-ն կապեր ԼՂ-ի հետ։

Զորքերը պետք է մնային իրենց դիրքերում, որտեղ գտնվում էին ռազմական գործողությունների դադարեցման պահին, այսինքն` նոյեմբերի 9-ի դրությամբ։

Պարոն Լավրովը հիշո՞ւմ է, որ ԼՂ տարածքում պետք է տեղակայվեին ՌԴ խաղաղապահ ուժեր` երաշխավորելով հրադադարի պահպանումը և ԼՂ ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի բուն նպատակը սա էր, իսկ 9-րդ կետը ընդամենը ածանցյալ կետ էր, որպեսզի Ադրբեջանը Լաչինի միջանցքին համաձայներ։

Ի դեպ, Ալիևը 2021 թվականին հստակ հայտարարեց. «Ильхам Алиев: Зангезурский коридор должен функционировать аналогично Лачинскому», ինչը ուղիղ խոստովանություն էր, որ առանց Լաչինի միջանցքի անհնար է խոսել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։ Ավելին` Լաչինի միջանցքը ավելի բարձր մակարդակ ուներ, քանի որ այն եռակողմ հայտարարության հիմնասյուներից էր, իսկ 9-րդ կետը, ինչպես արդեն նշեցի, ընդամենը ածանցյալ։

Եթե այնուամենայնիվ Ռուսաստանը և Ադրբեջանը նպատակ ունեն վերադառնալու եռակողմ հայտարարությանը, ապա դա հնարավոր է իրավական տեսանկյունից բացառապես այն դեպքում, եթե գոյություն ունենան եռակողմ հայտարարության հիմնական սուբյեկտները և օբյեկտը։

Իսկ քանի որ դրանք չկան, պարզապես հնարավոր չէ խոսել եռակողմ հայտարարության որևէ դրույթի մասին»։

Add new comment