Իրանի ԱԳՆ-ից հնչող անհանգստությունը տարածաշրջանում ԱՄՆ ներկայության վերաբերյալ բազմաթիվ մտորումների առիթ է տալիս․ Աբրահամյան
Իրանի ԱԳՆ-ից հնչող անհանգստությունը տարածաշրջանում ԱՄՆ ներկայության վերաբերյալ բազմաթիվ մտորումների առիթ է տալիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա մասնավորապես նշել է․ «Իրանական կողմը հայտնել է, որ այս թեմայով իրենց մտահոգությունն են հայտնել հայկական կողմին:
Իրանական կողմը փակագծերը չի բացել և չի մանրամասնել, թե մասնավորապես ինչո՞վ է պայմանավորված իր անհանգստությունը, սակայն կարելի է ենթադրել, որ արտաքուստ տեսանելի պրոցեսներից բացի` կան կամ ուրվագծվում են իրադարձություններ, որոնք իրանական կողմի համար ռիսկեր են առաջացնում:
Այն, որ ՀՀ-ում ամերիկյան (հավաքական Արևմուտքի) ազդեցությունն աճել է, դա տեսանելի է, և ակնհայտորեն դա տեղի է ունեցել ՌԴ-ի հաշվին:
Իրանի անհանգստության բազմաթիվ պատճառներ կարող են լինել ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ, որոնք խոսում են ԱՄՆ դերակատարման այնպիսի ընդլայնման մասին, որը Իրանի համար սպառնալիք է դիտվում:
Մյուս կողմից` ԱՄՆ-ն Հայաստանի հետ լավ, երկուստեք շահավետ համագործակցության երկար տարիների փորձ ունի, ԱՄՆ-ում հայկական սփյուռքն իրեն բավականին կոմֆորտ է զգում, ի վերջո, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր արտաքին քաղաքականությունն ինչպես կառուցի կամ ում հետ համագործակցի:
Ու այս պայմաններում Իրանի անհանգստությունը հրապարակային դաշտում պետք է նաև հիմնավորումներով արտահայտվի, որպեսզի ընկալելի լինի արտահայտվող մտահոգությունների ողջ շերտավորումը»:
Add new comment