Պուտինի այցի շեմին Ալիևին է զանգահարում Էրդողանը, ինչը ևս վկայում է՝ այցը կազմակերպվել է օրերի ընթացքում. փորձագետ
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Պուտինի Բաքու այցի ֆոնին, որն անցկացվում է ընդգծված ջերմ անտուրաժով, Ռուսաստանում փոխարտգործնախարար Գալուզինն ընդունում է Մոսկվայում Անկարայի դեսպանին՝ դեսպանի նախաձեռնությամբ, եւ հանդիպման ընթացքում ասոււմ է, որ Թուրքիան պետք է հրաժարվի «հավաքական Արեւմուտքի ապակառուցողական քաղաքականությանը մասնակցելուց»:
Այդ հաղորդագրությունը տարածել է ՌԴ ԱԳՆ-ն, այսինքն դա պաշտոնական լուր է:
Թուրքիա-Ռուսաստան փոխհարաբերության տեղատվության, նկատելի սառնության մասին խոսում եմ արդեն ամիսներ ի վեր: Ի դեպ, ուշադրության եմ արժանացրել հենց այն հանգամանքը, որ Պուտինը արդեն ավելի քան մեկ տարի չի արդարացնում Անկարա այցի Էրդողանի սպասումը, բայց հաշված օրերի ընթացքում կայացնում է Բաքու այցելելու որոշում եւ այցը տեղի է ունենում այն էլ Պետական այցի ձեւաչափով:
Ընդ որում, նշվում է, թե Պետական այցը կազմակերպվում է շատ վաղուց, հետեւաբար Պուտինի այցը կազմակերպվել է վաղուց: Համաձայն չեմ: Պուտինի այցի մասին խոսք իսկ չի եղել այսքան ժամանակ: Ապրիլին Մոսկվա է այցելել Ալիեւը, հուլիսին նրանք հանդիպել են Աստանայում, եւ խոսք անգամ չի եղել Բաքու սպասվող այցի մասին: Ավելին, եթե չի դավաճանում հիշողությունս, անգամ չի եղել հրավերի վերաբերյալ տեղեկություն:
Այցերը կարող են կազմակերպվել ինչպես շաբաթներ եւ ամիսներ, այնպես էլ օրեր, այստեղ ձեւաչափը ըստ էության կապ չունի: Տարբերվում են արարողակարգի ծավալները, իսկ դա մեծ հաշվով տեխնիկական աշխատանք է: Ինչ վերաբերում է օրակարգին, ապա այդտեղ էլ ամեն ինչ հարաբերական է, նայած, թե ինչն է այցի բուն նպատակը եւ շեշտադրումը: Պետական այցի ձեւաչափ է ընտրվել հենց դրա քաղաքական բովանդակությունն ընդգծելու համար:
Հատկանշական է, որ Պուտինի այցի շեմին Ալիեւին է զանգահարում Էրդողանը, ինչը եւս վկայում է, որ այցը կազմակերպվել է օրերի ընթացքում, այլապես Էրդողանը կհաղորդակցվեր Ալիեւի հետ այսպես ասած «անշտապ»:
Որքա՞ն կպահպանվի Թուրքիայի եւ Ռուսաստանի սառնությունը կամ տեղատվությունը: Շփումներ իհարկե կլինեն, սակայն այստեղ գլխավոր ցուցիչը թերեւս Պուտինի այցն է Անկարա: Էրդողանը նրան սպասում է դեռեւս 2023 թվականի ամռանից: Բայց հենց այդ ժամանակից էլ ըստ էության Թուրքիան խախտեց այն բալանսը, որի վրա խաղում էր ԱՄՆ ու Ռուսաստանի միջեւ:
Բայց, հիմա արդեն բալանսը վերականգնելը լինելու է քիչ: Համենայն դեպս, այդ ընթացքում ի հայտ են եկել նոր ու էական հանգամանքներ: Ի հայտ է եկել Օրբանը՝ իր եվրոպական աջերի նախաձեռնությամբ, Ալիեւը՝ իր կովկասյան առաջատարի հավակնությամբ, եւ հեռացել է Բայդենը, զգալի անորոշություն հաղորդելով ԱՄՆ նախագահի ընտրությանը (որովհետեւ Բայդենի մնալու պարագայում հստակ էր, որ հաղթելու է Տրամպը):
Թուրքիան հունիս-հուլիսին փորձեց խաղալ հայ-թուրքական թեմայի վրա, եւ ըստ երեւույթին դրա շնորհիվ կարողացավ դառնալ ռուս-ամերիկյան մեծ փոխանակման հարթակ՝ Ստամբուլում տեղի ունեցավ աննախադեպ մասշտաբի փոխանակում ձերբակալվածների միջեւ: Բայց, չէր հասցրել Թուրքիան «վայելել», տեղի ունեցավ Կուրսկը, Ռուսաստանի նախագահը մեկնեց Բաքու, իսկ ԱՄՆ պետքարտուղարը՝ Մերձավոր Արեւելք»:
Add new comment