Մոսկվան ու Բաքուն որոշակի հարցերում ունեն շահերի համընկնում և փորձում են առաջ մղել այդ շահերը․ ադրբեջանագետ
Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից առաջ ռուսական կողմից արդեն իսկ նշվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների առանցքային հարցերից մեկն առնչվելու էր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ուստի երկօրյա այցի ընթացքում ՌԴ-ից հնչող հայտարարությունները փաստում են, որ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման և Սյունիքով անցնող հնարավոր ճանապարհի հարցը գտնվում էին քննարկումների կիզակետում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցին։
«Եթե ասվածին հավելենք, որ նախորդիվ Ադրբեջանից հայտարարել էին, թե խաղաղության պայմանագրի քննարկումներից դուրս են թողել ճանապարհների ապաշրջափակման թեման, ապա նշանակում է, որ այդ հարցը տեղափոխվել է այլ տիրույթ, և տվյալ դեպքում երևում էր, որ Պուտին-Ալիև հանդիպման քննարկումների առանացքային հարցերից մեկը հենց դրան էր վերաբերվում և դրանով էր պայմանավորված նաև այն հանգամանքը, որ Պուտինը շեշտեց, թե հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու է այցի արդյունքների և քննարկումների մասին»,- ասաց Հայրապետյանը։
Ելնելով ադրբեջանական քարոզչադաշտի ու պետական լրատվամիջոցների հրապարակումներից ու այցի լուսաբանման ընթացքում հնչած հայտարարություններից՝ ադրբեջանագետը նշեց, թե կարևորագույն ուղերձն այն էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին թույլ չի տա տարածաշրջանում այլ պետությունների դերակատարություն, և ամբողջ ընթացքում քարոզչության հիմքում նշվում էր հնարովի այն միտքը, թե Հայաստանում ամերիկյան կողմը կառուցում է ռազմաբազա՝ փորձելով այդ հանգամանքը դարձնել ակտիվ քննարկումների առարկա։
«Ադրբեջանը տարածաշրջանում փորձում է դիրքավորվել որպես մի պետություն, որը թույլ չի տալիս այլ երկրների ներգրավվածություն հարավկովկասյան գործընթացներում և որպես մի պետություն, որի հետ Ռուսաստանը երբեք չի ունենա որևէ խնդիր։ Բնականաբար, Ադրբեջանի համար շարունակում է կարևոր ու արդիական մնալ Սյունիքով անցնող ճանապարհի թեման։ Նրանք այդ հարցի նպաստավոր լուծումն իրենց համար չեն գտել, ուստի հարցը տեղափոխել են այլ տիրույթ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հայրապետյանի դիտարկմամբ՝ ռուսական կողմը շատ է խոսում Հյուսիս-Հարավ միջանցքի մասին, որը կապում է Հնդկաստանին և Իրանին, մինչդեռ Ադրբեջանը հիմնականում շեշտադրում է անում Սյունիքով անցնող ճանապարհի վրա։ Ադրբեջանական կողմը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ, որը դեմ է գնում տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Իսկ իրականում Հայաստանն արդեն հնչեցրել է իր առաջարկները «Խաղաղության խաչմերուկի» տեսքով, և Ադրբեջանն այդ առաջարկները չի ընդունում, ուստի փորձում է ամբողջը ներկայացնել այլ լույսի ներքո։
«Պաշտոնական Բաքվի մյուս գլխավոր նպատակն այն է, որպեսզի նսեմացնի հայկական կողմին՝ պնդելով, թե վերջինս մերժում է բանակցությունների մոսկովյան հարթակը, մինչդեռ Ադրբեջանը պատրաստակամ է հանդիպել հայկական կողմի հետ Մոսկվայի հովանու ներքո։ Այդ կերպ ադրբեջանցիները պարզապես փորձում են հաճոյանալ Մոսկվային, որը գնալով նրանց զիջում է իր լծակները։ Արդարության համար նշեմ, որ Մոսկվան մյուս կողմից էլ առաջարկել է Լեռնային Ղարաբաղում բացել գլխավոր հյուպատոսություն, ինչը ադրբեջանական կողմում ընդունվել է բացասաբար։ Բաքվում նշում են, որ դա վտանգավոր սցենար է, ինչը պետք է ամեն գնով թույլ չտալ։ Փաստն այն է, որ նույն ղարաբաղյան հարցում ակնհայտ գործարքի միջոցով ադրբեջանական կողմը հասավ ոչ միայն հայերի բռնի տեղահանմանը, այլև ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրս գալուն, մինչդեռ նախապես Մոսկվայից հնչում էին հայտարարություններ, որ նման հարց մինչև 2025 թվականը չէր քննարկվելու»,- նշեց ադրբեջանագետը։
Հայրապետյանի պնդմամբ՝ Ադրբեջանի վրա ազդելու լծակներ կան ոչ միայն ՌԴ-ի, այլև տարբեր ուժային կենտրոնների ձեռքերում, ուղղակի այլ բան է, թե որքանով են նրանք նպատակահարմար գտնում այդ լծակների կիրառումը։ Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ դեռ ոչ մի ուժային կենտրոն չի փորձել արդյունավետորեն ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին, և, ցավոք, հայտարարություններից զատ՝ նրանք այլ քայլերի չեն գնում, ուստի այդ պատճառով էլ Արևմուտքի մասին պաշտոնական Բաքուն խոսում է հեգնական տոնով՝ նրան մեղադրելով անսկզբունքային քաղաքականություն վարելու մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
Add new comment