87986451

ԱՄՆ-ն ատոմակայան կկառուցի՞ Հայաստանում

Այսօր հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու 123-րդ կամ այսպես կոչված «միջուկային համաձայնագրին», ինչը նշանակում է, որ հիմք է նախապատրաստվում Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու համար, որը կփոխարինի Մեծամորի ատոմակայանին: 

Միացյալ Նահանգների՝ Ատոմային էներգիայի մասին 70 տարի առաջ ընդունված ակտի միջուկային խաղաղ համագործակցությանը վերաբերող բաժնի համաձայն` ԱՄՆ-ն չի կարող որևէ երկրի փոխանցել միջուկային էներգետիկային վերաբերող գիտելիք կամ սարքավորումներ առանց հատուկ համաձայնագրի, Վաշինգտոնը մինչ օրս նման համաձայնագրերով միջուկային հարցերում համագործակցում է ավելի քան 40 երկրի հետ։

Այն, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսել են բանակցել արդեն, ըստ էության, հայտնի դարձավ հուլիսի 3-ին՝ «Հայաստան-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովում: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ ժամանակ հայտնել էր. «Մենք ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավական պայմանագրային դաշտ, առանց որի մենք չենք կարող առաջ շարժվել։ Այս պահին կարող եմ ասել, որ գնդակն ԱՄՆ-ի դաշտում է։ Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում ներհամակարգային գործընթացներ տեղի կունենան, և այդ ժամանակ մենք կսկսենք աշխատել»։

Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2023 թ․ հուլիսին ՀՀ կառավարությունն աշխատանքային խումբ էր ուղարկել ԱՄՆ, որը ծանոթացել էր ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, փոքր մոդուլային ռեակտորներին և դրանց մշակումներին։

Այս տարվա փետրվարին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիտարկում է մոդուլային ատոմային էներգաբլոկի կառուցման հնարավորությունը, և որպես կարևոր փաստարկ մատնանշել դրա անվտանգության բարձր մակարդակը։

Նշենք, որ Հայաստանում փոքր մոդուլային էներգաբլոկների կառուցման հարցում հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Հարավային Կորեան: Կառավարությունը մտադիր է նրանց առաջարկներն ուսումնասիրել մինչև 2025 թվականը: 

Հայաստանի էներգետիկ ոլորտում ավանդաբար գերիշխում է Ռուսաստանը։ Հայաստանում խորհրդային տարիներին կառուցված ատոմային էլեկտրակայանը, որը միակն է տարածաշրջանում, ապահովում է երկրի ներքին էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելի քան 30%-ը: Այն աշխատում է ռուսական միջուկային վառելիքով, իսկ հիմնական կապալառուն, որը մասնակցել է նաև կայանի արդիականացմանը, «Ռոսատոմ»-ն է։

Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման՝ ևս մի անգամ երկարաձգված ժամկետի լրանալուն մնացել է 12 տարի, լրացուցիչ ժամանակահատվածում շահագործումն իրականացնելու գործը Հայաստանը վստահել է ռուսական «Ռոսատոմ»-ին։ Իսկ նոր ատոմակայանի ծրագրման ու կառուցման համար, մասնագետների խոսքով, առնվազն մեկ տասնամյակ է անհրաժեշտ։
 

 

Add new comment