Submitted by G.Avetisyan on
ասց

Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է։ 1990 թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից կազմված փաստաթուղթը՝ այսպես սկիզբ դնելով Հայաստանի անկախության իրավական գործընթացին:

Փաստաթղթի ընդունմանը ԳԽ-ում նախորդել էին տևական քննարկումներն ու բանավեճերը, և հռչակագիրն ընդունվեց ԳԽ-ում ներկայացված բոլոր ուժերի միջև բացարձակ կոնսենսուսի արդյունքում։

Հռչակագիրը, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր դեպի անկախություն տանող ճանապարհին և նախանշում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները, բաղկացած էր 12 կետից։

Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (կրճատ՝ Հայաստան, այսինքն՝ այնպես, ինչպես հանրապետությունը կոչվել էր 1918 թվականին)։ Այսպիսով՝ Հայաստանի պատմության մեջ սկսվում էր երրորդ հանրապետության շրջանը (առաջինը՝ 1918-1920, երկրորդը՝ 1920-1991 թթ.)։ Կարևոր է նշել, որ թեև Խորհրդային Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում էր և չէր օգտվում իրական պետական անկախությունից, բայց այդ շրջանում ձեռք բերված հաջողությունների հիմքի վրա էր, որ հնարավոր եղավ կյանքի կոչել երրորդ հանրապետությունը։

Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունր ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հաստատված չէր Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։

Պետական խորհրդանիշներ հաստատվեցին Հայաստանի առաջին հանրապետության դրոշն ու զինանշանը։ Հայաստանը պետք է վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, ունենար իր դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում։

Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունր։ Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լինեն մասնավոր սեփականատիրական և ազատ շուկայական հարաբերությունները։ Հողը՝ իբրև մասնավոր սեփականություն, պետք է տրվեր գյուղացուն։ Ձեռնարկությունների մի մասը ենթակա էր սեփականաշնորհման։

Հատուկ կետով արձանագրվում էր, որ Հայաստանր պետք է ունենա իր մասնաբաժինր ԽՍՀՄ զինված ուժերի միջոցներից։ ՀՀ-ն պետք է ունենար սեփական դրամական համակարգ։

Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի՝ իբրև պետական լեզվի կիրառման հարցին: Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։

Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարցում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ Առաքելական եկեղեցու իրավունքներր։ Հատուկ հոդված մտցվեց 1915 թ. Հայոց ցեղասպանության և հայկական տարածքների մասին։

Հռչակագիրր հաստատում էր Հայաստանի վճռականությունը Արցախն իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վերաբերյալ։ Մինչև նոր սահմանադրության (հիմնական օրենքի) ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

 

 

Add new comment