56

Ի՞նչ էր քննարկվել Բաքվում, որի արդյունքում նաև զրույց էր կայացել ՀՀ իշխանության հետ․ Աբրահամյան

Մեկ շաբաթ առաջ, ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկման առարկա էին դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունները, որի առնչությամբ նախագահ Պուտինը ևս մեկ անգամ առաջարկել էր իր երկրի միջնորդական առաքելությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա մասնավորապես նշել է. «Դեռ այդ ժամանակ պաշտոնապես նշվեց, որ թեմայի շուրջ նաև Փաշինյանի հետ է խոսվելու:

Այցից մի քանի օր հետո տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը, սակայն հանդիպման դետալների և արդյունքների մասին այդպես էլ ոչինչ չհանրայնացվեց. չոր ու ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրությունը որևէ էական բան չէր ասում:

Ի վերջո, ի՞նչ էր քննարկվել Բաքվում, որի արդյունքում նաև զրույց էր կայացել ՀՀ իշխանության հետ, և ինչո՞ւ թեման այդպես էլ պատշաճ ձևով հանրությանը չներկայացվեց:

Համաձայնվե՞լ է Փաշինյանը ՌԴ միջնորդական դերին, արդյո՞ք քննարկվել են սահմանազատման հետ կապված վերջին խնդիրները, ի՞նչ է խոսվել, կամ ի՞նչ են փոխանցել Բաքվից «խաղաղության պայմանագրի» բանակցությունների վերաբերյալ, և ի՞նչ է մտածում ՀՀ կառավարիչը տեղի ունեցածի մասին:

Փաշինյանի կենցաղը, հոբբին, անիմաստ ժամանցն ամենօրյա ռեժիմով հնարավոր բոլոր հարթակներով ներկայացվում են, սակայն այն, ինչ վերաբերում է պետության կարևորագույն հարցերին, դրանք մակերեսային անդրադարձ են ստանում, և հասարակությունն իր մաշկի վրա դա զգում է, երբ այն իր ծանր հետևանքներն է ունենում երկրի ու ժողովրդի վրա»:

 

 

Add new comment