ԱՄՆ-ԳՀԽ հանդիպումները Ռիադում նպատակ ունեն հակազդելու Իրանի սպառնալիքներին
ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունը, Իրանի հարցով հատուկ բանագնաց Ռոբ Մալլիի գլխավորությամբ, մասնակցում է այս շաբաթ Էր-Ռիադում անցկացվող հանդիպումներին, որոնք կենտրոնացած են տարածաշրջանում Թեհրանի կողմից բխող աճող սպառնալիքներին դիմակայելու վրա:
Երկուշաբթի կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ, որին մասնակցում էր «Arab News»-ը, ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Մերձավոր Արևելքի գծով օգնական Դանա Ստրոուլը ներկայացրել է իրանական ահաբեկչական գործունեության ցանցը, որը տարածվում է աշխարհով մեկ և հատկապես ուղղված է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամներին:
Ստրոուլն ասել է, որ երկուշաբթի մեկնարկած ԱՄՆ-ՊՍՀ հանդիպումների նպատակն է դիմակայել Սաուդյան Արաբիայի, Ծոցի և ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար Իրաքում ու Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերին ուղղված Իրանի շարունակական սպառնալիքներին:
«Իրանի ագրեսիան… լուրջ մտահոգություն է,- նշել է նա, ապա հավելել,- Իրանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության աճը… լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքի անվտանգության վրա»:
Ինչ վերաբերում է հութիներից բխող սպառնալիքներին՝ ուղղված Սաուդյան Արաբիայի դեմ, Ստրոուլը ասել է, որ Եմենի աշխարհազորը շահագրգռված չէ խաղաղություն հաստատելու հարցում և օգտագործել է վերջին զինադադարը՝ իրանական զենքով վերազինվելու համար:
«Մենք որևէ փոփոխություն չենք տեսել Իրանի պատրաստակամության կամ գործունեության մեջ՝ հութիներին զենք փոխանցելու հարցում,- ավելացրել է Ստրոուլը:- Մենք չենք տեսել, որ հութիները բարեխիղճ դերակատարներ լինեն հրադադարը երկարաձգելու հարցում կամ իրական քայլեր կատարեն դեպի քաղաքական գործընթաց»:
Նա ասել է, որ Իրանի կողմից Ռուսաստանին զենք տրամադրելը վտանգավոր է այնքանով, որ Թեհրանը կարող է տեսնել, թե ինչպես են դրանք օգտագործվում Ուկրաինայում, կատարելագործել իր զենքերը, ապա կիրառել դրանք Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների դեմ իր բռնությունների համար:
Ստրոուլը հավելել է, որ Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերը «Իրանի դաշնակից աշխարհազորային խմբավորումների մշտական սպառնալիքի տակ են գտնվում, որոնք ձգտում են մշտապես հետապնդել մեր ուժերին», ինչը «խաթարում է» ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու նրանց կարողությունը:
«Դա նաև ուղղակիորեն խաթարում է, սպառնում և վտանգի տակ է դնում այն տեղական համայնքների վերականգնման ջանքերը, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ գտնվում էին ... խալիֆայության իշխանության ներքո և ենթարկվում էին ամենասարսափելի այլանդակությունների ու վայրագությունների: Դա իսկապես ապակայունացնող է,- ասել է նա:- Մենք Իրանին պատասխանատու ենք համարում այս հարձակումների համար, քանի որ Իրանը զինում, վարժեցնում, սարքավորում և ուղղորդում է այդ խմբերին»:
ԱՄՆ-ՊՍՀ հանդիպումները նախատեսված է շարունակել մինչև փետրվարի 16-ը Էր-Ռիադում, դրանց առանցքում չորս հիմնական հարց է՝ օդային և հակահրթիռային պաշտպանություն, ծովային անվտանգություն, Իրանի աշխատանքային խումբ, որը կենտրոնացած է Թեհրանի կողմից հովանավորվող բռնությունների վրա, և ահաբեկչության հարցերով աշխատանքային խումբ:
Ամերիկացի գեներալ Բրեդլի Կուպերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ՊՍՀ համագործակցությունը հանգեցրել է Իրանի կողմից առաքվող զենքերի առգրավմանը, որոնց մեծ մասը նախատեսված էր Եմենում նրա դաշնակից աշխարհազորայինների համար։
«Ընդամենը վերջին երկու ամսվա ընթացքում ծովում հինգ խոշոր ինտերվենցիան հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ն և գործընկեր ծովային ուժերն առգրավել են ավելի քան 5000 զենք, 1․6 միլիոն փամփուշտ, 7000 հրթիռների ապահովիչներ, նռնակներ և 60 միլիոն դոլարի անօրինական թմրանյութեր,- ասել է Կուպերը:- 2021 թվականին մենք առգրավել ենք ավելի քան 1 միլիարդ դոլարի ապօրինի թմրանյութեր և 15․000 ապօրինի զենք, որոնք բոլորն ուղղվել էին դեպի Եմեն»:
ԱՄՆ-ն այս շաբաթ աշխատում է GCC-ի գործընկերների հետ՝ ընդլայնելու օֆշորային մոնիտորինգի շրջանը՝ պաշտպանելու այդ երկրներն իրանական ահաբեկչությունից:
Add new comment