սիոնիստական կազմակերպության

Համաշխարհային սիոնիստական կազմակերպության ստեղծում

Հեղինակ
Մեսրոպ Պողոսյան
Համաշխարհային սիոնիստական կազմակերպության ստեղծումը

19-րդ դարի կեսերից եվրոպական երկրներում սկսվեցին կազմակերպվել հրեական բարեգործական և մարդասիրական զանազան կազմակերպություններ, որոնց հիմնական խնդիրը հրեաներին եվրոպական երկրներից Պաղեստին տեղափոխելն ու  այնտեղ բնակեցնելն էր: 1864 թ. գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում հիմնվեց «Պաղեստինը բնակեցնելու ընկերությունը»: Նման մի ընկերություն հիմնվեց ֆրանսիացի բարոն Մորիս Գիրշի նախաձեռնությամբ, որը ստացավ «Հրեաների կոլոնիզացիայի ընկերություն» անվանումը: Այդ բնագավառում ակտիվ գործունեություն էին ծավալում եվրոպական տարբեր երկրներում բնակվող հրեական բանկիրներն ու մեծահարուստները, որոնց մեջ առանձնանում էր բանկիր Էդմունդ Ռոտշիլդը: Սակայն շուտով ակնհայտ դարձավ, որ նման ընկերությունների և առանձին անհատների նախաձեռնությունները բավարար չէին մի այնպիսի բարդ մտահղացման իրականացման համար, որպիսին Պաղեստինի բնակեցումն էր հրեաներով և նրա վերածումը հրեական պետության:

Այսպիսի պայմաններում հրեական արենայում հայտնվեց մի շարժում, որը ստացավ «քաղաքական սիոնիզմ» անունը, որը երկու հասկացությունների համադրում էր: Սիոնիզմն առաջացել է Երուսաղեմի Սիոն սարի անվանումից, որը հրեաների համար խորհրդանիշ էր համարվում և անմիջականորեն կապվում նրանց նախնիների երկրի հասկացության հետ, որտեղ նրանք՝ հրեաները, երբևէ պիտի վերադառնան: Դա «ավետյաց երկրի» տարբերակներից մեկն էր: Իսկ «քաղաքականը» տվյալ դեպքում արտացոլում էր այն նոր մոտեցումը, որ հրեական գաղափարախոսները դրսևորում էին հրեաներին Սիոն կամ «ավետյաց երկիր» վերադարձնելու ուղիների, մեթոդի կամ միջոցների հարցում: Դա չպետք է շփոթել կրոնական սիոնիզմի հետ:

Նոր գաղափարախոսներին այլևս չէր բավարարում զանազան ընկերությունների և մարդասիրական կազմակերպությունների կողմից համապատասխան դրամ հատկացնելը կամ Պաղեստինում արաբներից հողեր գնելն ու նրանց վրա հրեաներին բնակեցնելը: Նրանք կարծում էին, որ դա բավարար չէ հրեաների կողմից Պաղեստինը յուրացնելու համար: Այդ պատճառով էլ հրեական գաղափարախոսները և սիոնիստական առաջնորդներն առաջին պլան մղեցին քաղաքականությունը: Նրանց համոզմամբ՝ միայն համակողմանիորեն և խորապես հաշվարկած քաղաքականության շնորհիվ է հնարավոր հասնել իրենց նպատակների իրականացմանը: Դա մի կողմից: Իսկ մյուս կողմից՝ նրանք, «քաղաքական» ասելով, հասկանում էին նաև ազդեցիկ պետությունների և միջազգային ուժերի քաղաքական աջակցության ապահովումն ու նրանց օգնությամբ Պաղեստին հրեաների վերադարձի և այնտեղ իրենց պետությունը հիմնելու հարցի լուծումը: Դրանով նրանք այդ խնդիրը զգացական և պատմակրոնական հավակնությունների ոլորտից տեղափոխում էին քաղաքական-իրավական դաշտ և իրավական հիմք ստեղծում նախևառաջ հրեական պետություն ստեղծելու համար:

Քաղաքական սիոնիզմի յուրատեսակ մանիֆեստը դարձավ ազգությամբ հրեա ավստրա-հունգարացի լրագրող Թեոդոր Հերցլի 1896 թ. Բեռլինում լույս տեսած «Հրեական պետությունը» գիրքը: Առաջին անգամ այդ գրքում հանգամանորեն շարադրվեցին սիոնիզմի հիմնադրույթներն այնպես, ինչպես դա պատկերացնում էր հեղինակը: Այդ աշխատության լույս տեսնելուց մեկ տարի անց Թեոդոր Հերցլի ամենաեռանդուն ջանքերի շնորհիվ շվեյցարական Բազել քաղաքում 1897 թ. գումարվեց սիոնիստական առաջին կոնգրեսը: Կոնգրեսի կարևոր որոշումներից մեկը բոլոր հրեաներին «Սիոնի շուրջը» համախմբելու քաղաքականության հաստատումն էր: Այստեղ հստակ կերպով տրվեց սիոնիզմի գլխավոր նպատակի սահմանումը.

1.     հրեաների համար ստեղծել հանրային իրավունքով ապահովված հանգրվան Պաղեստինում,

2.     օժանդակել հրեա հողագործներին և բանվորներին Պաղեստինում բնակեցնելու հարցում,

3.     հրեաների ազգային զգացմունքի և ազգային ինքնագիտակցության ամրապնդումը և զարգացումը:

Այդ հիմնարար սկզբունքները, աննշան փոփոխություններով, դրվեցին սիոնիզմի և սիոնիստների քաղաքականության հիմքում, որին նրանք հետամուտ եղան՝ առանց միջոցների մեջ խտրություն դնելու: Բազելի կոնգրեսը հիմնեց Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը, որի առաջին նախագահը դարձավ Թեոդոր Հերցլը: Հետագայում երկար տարիներ այն գլխավորեց Խաիմ Վեյցմանը: Բազելի կոնգրեսի գումարման պահին Պաղեստինում հրեաների թիվը հազիվ կազմում էր 20.000 մարդ: Կոնգրեսը խթանեց հրեաների գաղթը Պաղեստին:

Սիոնիստներն առաջ քաշեցին «Առանց հողի ժողովրդին տալ հող՝ առանց ժողովրդի» բանաձևը, որը նշանակում էր հրեաներին, այսինքն՝ առանց հողի ժողովրդին, տալ հող՝ Պաղեստինն առանց ժողովրդի, այսինքն՝ առանց արաբների: Ստեղծված պայմաններում սիոնիստները քննարկեցին հրեական պետություն ստեղծելու այլ տարբերակներ: Մասնավորապես Անգլիան առաջարկում էր հողատարածք հատկացնել հրեաներին Ուգանդայում՝ Աֆրիկայում, որը պետք է կոչվեր «Նոր Պաղեստին»: Սակայն սիոնիստների 1905 թ. կոնգրեսը մերժեց այդ առաջարկը: Եթե սիոնիստական ղեկավարները քաղաքական սիոնիզմի ձևավորման սկզբներին Պաղեստինը ձեռք բերելու հարցում ամբողջ հույսը դրել էին թուրքական սուլթանի վրա և ձգտում էին նրա հետ գործարքի մեջ մտնելով՝ իրագործել իրենց քաղաքական ծրագրերը, ապա այդ փորձերի ձախողումից հետո նրանք իրենց հայացքն ուղղեցին Մեծ Բրիտանիայի կողմը, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և դրան հաջորդած շրջանում:

Պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան իր սեփական խաղն էր խաղում: Նրա և Անտանտի գծով նրա դաշնակիցների նպատակներից մեկն արաբական երկրների վրա օսմանյան տիրապետության վերացումը և իրենց տիրապետության հաստատումն էր: Եվ այստեղ նա սկսեց մի վերին աստիճանի բարդ խաղ: Մեծ Բրիտանիան 1915 թ. Հուսեյն-Մակմահոն համաձայնությամբ արաբներին խոստացավ անկախություն և արաբական անկախ պետության կազմավորում, որի մի մասն էր կազմելու Պաղեստինը: Իսկ 1916 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրով Անգլիան և Ֆրանսիան որոշեցին վերացնել օսմանյան տիրապետությունն արաբական երկրներում, սակայն օսմանյան լծից ազատագրված տարածքները բաժանել միմյանց միջև:

Այդ երկու իրարամերժ համաձայնագրի կողքին 1917 թ. հայտնվեց երրորդը, որը պատմության մեջ մտել է «Բալֆուրի դեկլարացիա» անունով: Վերջինիս հայտնվելն արդյունք էր այն եռանդուն գործունեության, որ սիոնիստական ղեկավարությունը, մասնավորապես Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը, ծավալեց պատերազմի տարիներին՝ տեսնելով, որ Մեծ Բրիտանիան է դառնում տարածաշրջանում ամենաուժեղ պետությունը: Արդեն 1916 թ. գաղտնի բանակցություններ էին գնում Համաշխարհային սիոնիստական կազմակերպության ղեկավարության և անգլիական կառավարության ներկայացուցիչների միջև: Սիոնիստական ղեկավարությանը հաջողվեց «համոզել» բրիտանական կառավարությանը թույլատրել հրեաների ներգաղթը Պաղեստին և այնտեղ հրեական ազգային տուն ստեղծել: Դրա հնարավորությունը ստեղծվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Օսմանյան կայսրությունը պարտություն է կրում պատերազմում, և նրա ջախջախումը միայն օրերի հարց է: Դրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ Բալֆուրի դեկլարացիան լույս աշխարհ եկավ 1917 թ. և ոչ ավելի շուտ:

Մեծ Բրիտանիան, որը Ֆրանսիայի հետ վերաձևավորում էր Արաբական Արևելքի քարտեզը և մշակում բոլորովին նոր քաղաքականություն այդ տարածաշրջանում, նպատակահարմար գտավ զիջել սիոնիստներին Պաղեստինի հարցում՝ հույս ունենալով հրեաներին և նրանց ապագա տունը Պաղեստինում վերածել իր հենարանի և օգտագործել իր քաղաքական շահերի ու գաղութային տիրապետությունն ամրապնդելու համար: Սիոնիստական առաջնորդները ջանք չէին խնայում հավատացնելու բրիտանական կառավարությանը, որ իրենք հենարան կդառնան Մեծ Բրիտանիայի համար և կծառայեն նրա շահերին:

Իրականում Բալֆուրի դեկլարացիա կոչվածը Դավիդ Լլոյդ Ջորջի կոալիցիոն կառավարության մեջ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջեյմս Բալֆուրի 1917 թ. նոյեմբերի 2-ի նամակն էր՝ ուղղված բրիտանական ականավոր սիոնիստ լորդ Ռոտշիլդին: Այս նամակ-դեկլարացիայի շնորհիվ բացվեցին Պաղեստինի դռները հրեա ներգաղթողների առջև, և դրվեց Պաղեստինում հրեական ազգային տուն ստեղծելու հիմքը: Դա եղավ այն փաստաթուղթը, որին Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը և Մեծ Բրիտանիան տվեցին իրավական փաստաթղթի նշանակություն: Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունն այդ նամակը վերածեց յուրահատուկ դրոշի, որը ծածանելով՝ ձեռնամուխ եղավ իր քաղաքական ծրագրի իրագործմանը: Այդ նամակի բովանդակությունից այն տպավորությունն է ստացվում, որ Պաղեստինը կարծես թե ամայի և անմարդաբնակ երկիր էր:

Բալֆուրի դեկլարացիան, որում հստակորեն սահմանված չէին արաբների և հրեաների փոխհարաբերությունները, դարձավ արաբների և հրեաների միջև ապագա հակամարտությունների փաստաթուղթ: Այդ առումով խիստ ուշագրավ է հետևյալ փաստը: Համաշխարհային սիոնիստական կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Էդերը, պատասխանելով 1920 թ. Յաֆայում արաբա-հրեական բախումների կապակցությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովի նախագահ Հեյկրաֆտի հարցին, ասել է. «Պաղեստինում կարող է լինել միայն մեկ ազգային տուն՝ հրեականը, և խոսք չի կարող լինել արաբների ու հրեաների միջև հավասարության մասին»: Բալֆուրի դեկլարացիայով հրեաների ներգաղթն ու հաստատվելը Պաղեստինում և այնտեղ հրեական պետական կազմավորում հիմնելը թևակոխեցին գործնական փուլ:

Add new comment

From the author