Submitted by H.Andreasyan on
4

2024-ի ամառային զորակոչի ընթացքում ՄԻՊ-ի ստացած բողոքները կրկնակի աճել են

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքները. դիմելիությունն էապես աճել է: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։

2024 թվականի ամառային զորակոչին քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է զորակոչիկների իրավունքներին վերաբերելի հարցերին:

Ընդհանուր առմամբ ամառային զորակոչին ստացվել է 145 գրավոր և բանավոր բողոք: Բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին, զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին վերաբերելի փաստաթղթեր ստանալուն, փորձաքննություններին:

Բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, եղբայրների` միևնույն զորամասում ծառայելուն, «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելուն, ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությանը և այլ հարցերին:

Աշխատակազմում գրավոր ընթացակարգով քննարկվել է 51 բողոք, 18-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 76 քաղաքացու հարցի լուծմանը պաշտպանն աջակցել է խորհրդատվության միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող հարցերով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

- բողոքների քննարկման շրջանակում պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն,

- արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, զինկոմիսարիատների, ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ,

- համակարգային բնույթ ունեցող հարցերի և պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկների իրացման վերաբերյալ առանձին քննարկում է տեղի ունեցել ՊՆ և ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արդյունքում՝

- կրկնակի կամ ստուգիչ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով զորակոչիկներին տրամադրվել են ուղեգրեր,

- զորակոչիկները կրկին ներկայացվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը,

- ստացել են իրենց առողջական վիճակին վերաբերելի բժշկական փաստաթղթերը,

- զորակոչիկներին տրվել են տարկետումներ, կամ առողջական վիճակի պատճառով նրանք ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, կամ ճանաչվել են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և այլն:

Հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելիության ցուցանիշը զորակոչին վերաբերելի հարցերով էականորեն աճել է: Համեմատական պատկերը ցույց է տալիս, որ, օրինակ, նախորդ զորակոչերին ստացվել է 72, 64, 69 դիմում և այլն: Այդ ցուցանիշը երկու և ավելի անգամ աճել է 2024 թվականի ամառային զորակոչին՝ դառնալով 145: Նշված ցուցանիշներին զուգահեռ ավելացել են նաև անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ հանրային վստահությունը կարևոր խթան է ինչպես մինչև զինվորական ծառայության անցնելը, այնպես էլ ծառայության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների գործուն մեխանիզմները կատարելագործելու տեսանկյունից:

Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության հանձնառությունը` լուծելու ոլորտում առկա` մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, և կարևորում է ՊՆ մի շարք ստորաբաժանումների, այդ թվում՝ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության, Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, Իրավաբանական վարչության, բժշկական հանձնաժողովների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծվում են բազմաթիվ խնդիրներ:

Add new comment