90-ականներից մինչև 2023 թվականը հայկական կողմից կա 1000 անհետ կորած․ ԿԽՄԿ
ԿԽՄԿ պատվիրակության տվյալներով՝ առաջին հակամարտությունից՝ 1990-ականներից և 2020-2023 թթ. ռազմական գործողություններից հետո հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով՝ 90-ականներից ի վեր ԿԽՄԿ հայաստանյան և Արցախի Հանրապետության գրասենյակներում գրանցվել է շուրջ 700 անհետ կորած, իսկ 2020-2023թթ. ռազմական գործողություններից հետո՝ շուրջ 300: Նրանք այն ընտանիքներն են, որոնք դիմել են ԿԽՄԿ՝ իրենց հարազատներին գտնելու համար։
«Հարազատներին գտնելու հայտերն ընդունվել են նաև 2020-2023 թթ. սրացումից հետո մի քանի տասնյակ ընտանիքներից, որոնք համաձայն չեն ԴՆԹ արդյունքների հետ. կազմակերպության համար կարևոր է հասկանալ, թե ինչու ընտանիքները չեն ընդունում այդ արդյունքները և աշխատանքներ տանել պատասխանատու կառույցների հետ, որպեսզի հնարավորինս կրճատեն նման ընտանիքների թիվը»,- նշել է Ամատունին:
Պատասխանելով հարցին, թե որոնողական աշխատանքների հետ կապված ԿԽՄԿ-ն արդյոք բանակցո՞ւմ է ադրբեջանական կողմի հետ, Ամատունին ասել է, որ կազմակերպությունը` որպես մարդասիրական ու չեզոք միջնորդ, այդ բանակցություններում դերակատարում չունի, սակայն երկխոսության միջոցով մշտապես փորձում է հարցը պահել իշխանությունների և պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Նա նաև հավելել է, որ երկու կողմերի քաղաքական կամքը շատ կարևոր է, որպեսզի այս հարցում կարողանան արձանագրել որոշակի առաջընթաց։
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ հարազատները պնդում են, որ իրենց որդիները կամ ամուսինները գերության մեջ են, և նրանք ունեն վիդեո-ապացույցներ, սակայն ադրբեջանական կողմը դա չի հաստատում, Ամատունին նշել է, որ ԿԽՄԿ-ն տեսակցում է միայն այն անձանց, որոնք գտնվում են անազատության մեջ, և որոնց անունները հստակ փոխանցվել են իրենց ու հաստատվել Բաքվի իշխանությունների կողմից՝ ընդգծելով, որ ԿԽՄԿ աշխատակիցների հերթական այցերի մասին առաջինը տեղեկանում են անազատության մեջ գտնվող անձանց ընտանիքները։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ 2023թ․-ին Արցախի Հանրապետության դեմ Բաքվի բռնապետության սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
Add new comment