Արդյո՞ք Հայաստանը կարողացել է հասնել նրան, որ կանոնակարգով հնարավոր լինի դեօկուպացնել Բաքվի զավթած հայկական տարածքները. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն այսօր ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Սկսվել է ներպետական ընթացակարգերի իրականացումը։

Ի դեպ, ԱԳՆ-ից խոստանում են, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի։

Այդպիսով՝ սա այն փաստաթուղթն է, որ Գրիգորյան- Մուստաֆաև ապրիլի 19-ի պրոտոկոլի համաձայն՝ պետք է համաձայնեցված լիներ դեռ հուլիսի 1-ին, բայց փաստորեն գործընթացը երկու ամսով հետաձգվեց:

Ի՞նչն էր դրա պատճառը՝ արդյո՞ք Հայաստանը կարողացել է հասնել նրան, որ այս փաստաթղթով գոնե տեսականորեն հնարավոր կլինի դեօկուպացնել ՀՀ այն տարածքները, որոնք զավթված են Ադրբեջանի կողմից, թե՞ Ադրբեջանը շանտաժի հարկադրանքով հասել է հայկական կողմի հերթական զիջմանը (հիշենք, օրինակ, Բաքվի պարբերական ապատեղեկատվությունները հայկական կողմից հրադադարի իբրև թե խախտման վերաբերյալ):

Թերևս, այս հարցի պատասխանը երկուշաբթի կստանանք:

Մյուս հետաքրքիր հարցն այն է՝ արդյո՞ք այս փաստաթուղթը համաձայնեցվել է արևմտյան միջնորդների հովանու ներքո, որոնց ծափահարությունների ներքո տեղի ունեցավ Տավուշի գործընթացը, թե՞ տեղի ունեցածը կապ ունի տարածաշրջանի ուղղությամբ Պուտինի վերջին ակտիվության հետ»:

Add new comment