Բաքուն, ըստ էության, մերժում է Երևանի վերջին առաջարկը. «Ազատություն»
Պաշտոնական Բաքուն այսօր, ըստ էության, մերժեց Երևանի վերջին առաջարկը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի այն հոդվածները, որոնք արդեն համաձայնեցված էին, մյուսների քննարկումը թողնելով ապագային։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայկական կողմին խորհուրդ տվեց ավելի լուրջ մոտենալ հարցին, գրում է «Ազատություն»-ը։
«Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին», - ասել է նա։
Անցած շաբաթվա վերջին վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը, ու Երևանն առաջարկել է այդ տեսքով ստորագրել փաստաթուղթը։
Փաշինյանը չէր գաղտնազերծել 13 համաձայնեցված ու մյուս՝ չհամաձայնեցված հոդվածները։ Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ևս չի բացահայտել դրանց բովանդակությունը, սակայն ընդգծել է, որ նախագծից դուրս թողնված կետերն Ադրբեջանի համար կարևոր են. - «Համաձայնագրի նախագծում կարևոր կետերը ներառված չեն, և մեզ ասացին, որ սա է հարցի լուծումը։ Անցած պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր են»։
Բայրամովն այսօր ևս պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, ինչպես նաև կրկնել՝ Երևանն «ինտենսիվ զինվում է», ինչն, ըստ նրա, խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը։
Երեկ նման հայտարարություն էր արել նաև այդ երկրի նախագահի օգնականը։ Մեկ քայլ առաջ գնալով՝ Հիքմեթ Հաջիևը զուգահեռներ էր տարել Հայաստանի ու Իրաքի միջև և պնդել, թե պետք է «սահմանափակումներ կիրառվեն Հայաստանի ռազմական կարողությունների նկատմամբ»:
«Եթե ուշադրություն դարձնենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների համակարգին, ապա կտեսնենք, որ կան շատ փոքր թվով պետություններ, որոնք օկուպանտներ և ագրեսորներ են, որոնց թվում է նաև Հայաստանը», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Հաջիևի հայտարարությանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
Add new comment