Submitted by detq-editor on
Բերձորի միջանցքի շրջափակումն անօրինական է. Ֆրանսիայի նախկին վարչապետը կոչ է արել վերադարձնել հայ գերիներին

Բերձորի միջանցքի շրջափակումն անօրինական է. Ֆրանսիայի նախկին վարչապետը կոչ է արել վերադարձնել հայ գերիներին

Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպն Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումը համարել է անօրինական, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներից օկուպացնելու փաստի առիթով շեշտել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Նա նաև նշել է, որ Ադրբեջանում մինչև օրս պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք: Էդուարդ Ֆիլիպը, որն այցելել է Հայաստան, այս մասին շեշտել է՝ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան:

-Պարո՛ն Ֆիլիպ, նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ի՞նչ օրակարգով եք Հայաստան ժամանել, ի՞նչ հանդիպումներ, այցեր են սպասվում:

- Ես Հայաստան եմ եկել բաց մտքով և բաց սրտով։ Ուզում եմ իմ աչքերով տեսնել իրավիճակը, լսել մարդկանց մտահոգություններն ու նախաձեռնությունները և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին։ Հասկանալի պատճառներով կգնամ Գորիս, հանդիպումներ կունենամ Երևանում՝ Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի և խորհրդարանականների հետ։ Ես նաև մտադիր եմ հանդիպել տեղական իշխանություններին, ուրախ եմ նաև հանդիպել կաթողիկոսին։

-Պարո՛ն Ֆիլիպ, Դուք Հայաստան եք այցելում երկրի համար դժվարին ժամանակում, Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, Արցախի ժողովուրդը հումանիտար ճգնաժամի է բախվել, որպես միջազգային հանրության անդամ, Հայաստանի բարեկամ Ֆրանսիայի ներկայացուցիչ՝ ի՞նչ վերաբերմունք ունեք Ադրբեջանի այս քայլի վերաբերյալ:

- Արդեն 70 օրից ավելի շարունակվող շրջափակումն անօրինական է: Ադրբեջանն առանց պատճառի հումանիտար ճգնաժամ է ստեղծում, իսկ Ռուսաստանը ոչինչ չի անում խնդիրը լուծելու համար։

- Ինչպես գիտեք, Ադրբեջանը նաև 2021, 2022 թթ. ընթացքում օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները, շարունակում է պահել 2020-ի Արցախի պատերազմի ընթացքում գերեվարված հայերին: Ըստ Ձեզ՝ միջազգային հանրությունն ի՞նչ անելիք ունի, ի՞նչ քայլեր են պետք՝ ստիպելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի տարածքից, վերադարձնել հայ ռազմագերիներին, հնարավոր համարո՞ւմ եք պատժամիջոցների կիրառումը:

- Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Բավականին երկար ժամանակ Եվրամիությունը շատ հեռու էր: Ես հիմա հանգիստ եմ, որ Հայաստանում տեղակայվում է ԵՄ առաքելությունը, որը կարող է դրական դեր ունենալ խաղաղ բնակչությանը հանգստացնելու համար: Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք, իսկ անհետ կորած անձանց ճակատագիրը պետք է պարզվի: Անհրաժեշտ է նաև լիարժեքորեն պահպանել ու պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։

-Որպես Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ՝ Հայաստանի հետ ո՞ր ոլորտներում եք համագործակցությունը խորացնելու հեռանկարներ տեսնում:

-Ես կայցելեմ ու կհետևեմ համագործակցության մի քանի ծրագրերի, որոնք իրականացվում են առողջապահության ոլորտում, տեղահանված անձանց աջակցելու համար: Եվ ես նաև մտադիր եմ հանդիպել տեխնոլոգիական ոլորտի դերակատարներին, որոնք մասնակցում են Հայաստանի ապագայի ձևավորմանը: Դեռ շատ անելիքներ կան՝ խթանելու ֆրանս-հայկական հարաբերություններն ու համագործակցությունը:

Add new comment