«Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Թեհրանի և Մոսկվայի միջև «բանավեճը» հետաքրքիր է. քաղաքագետ
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. ««Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Իրանի եւ Մոսկվայի «միջեւ» ընթացող ուղղակի, թե անուղղակի «բանավեճը» հետաքրքիր է:
Այստեղ իհարկե կարող ենք ցուցաբերել մոտեցման երկու տարբերակ: Մեկը՝ Մոսկվան ուզում է «միջանցք», իսկ Իրանը հայտարարում է, որ դա «կարմիր գիծ» է: Եվ, որքան հետեւում եմ, մեզանում գնահատականների կամ մեկնաբանությունների գերակշռող մասը հենց դա է: Ինքս խիստ կասկածով եմ մոտենում դրան, այն էլ մի դեպքում, երբ Մոսկվան ակնկալում է Թեհրանի հետ ստորագրել մեծ պայմանագիր: Եվ իր համար այդ կարեւոր ակնկալիքի պարագայում պարզապես անմտություն է «միջանցքի» հարցը դարձնել տարակարծության առիթ եւ վտանգել մեծ պայմանագրի ստորագրման հեռանկարը:
Մյուս տարբերակն ըստ իս այն է, որ Մոսկվայի ու Իրանի միջեւ ընթանում է «խաղ», որը պայմանավորված է առկա բավականին բարդ, նուրբ, բազմաշերտ իրողություններով, որտեղ չկա առանձին «միջանցքի» հարց, առանձին Հյուսիս-հարավի հարց, առանձին Մերձավոր Արեւելքի հարց, այլ բոլոր հարցերը շաղկապված են, բարդ, մեկը մեկին լրացնող կամ հակասող:
Եվ այստեղ, այդօրինակ վիճակներում, հաճախ պահանջվում է այդօրինակ «խաղ»: Հաճախ խաղն ասոցացվում է թատրոնի, բեմադրության հետ: Ընկերներ, քաղաքականությունը խաղ է, երբեմն իհարկե թատրոնի էլեմենտրենով, բայց առավել բարձրակարգ է այն քաղաքական խաղը, որ իրականացվում է լռելյայն փոխհաշվարկներով:
Ըստ իս, այս դեպքում մենք գործ ունենք Ռուսաստանի եւ Իրանի միջեւ լռելյայն «փոխհաշվարկի» հետ, որն իհարկե նաեւ շատ երկարատեւ դիվանագիտական եւ քաղաքական շփումների ու աշխատանքի արդյունք է:
Մասնավորապես, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, կա հետեւյալ բարդ սխեման: Մոսկվան ու Թեհրանը Ադրբեջանից ակնկալում են կայուն համաձայնություններ Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական եւ աշխարհտնտեսական սխեման գործարկելու համար: Այդ հարցում Բաքվի հետ առաջնային աշխատանքի դերն իր վրա է վերցրել Մոսկվան: Ադրբեջանը բնականաբար փորձում է իրենից ակնկալվողի համար ստանալ հնարավորինս բարձր գին, ընդ որում այն տրամաբանությամբ, որ այդ գինն էլ իր հերթին առավել բարձր վերավաճառի Թուրքիայի ու եվրաատլանտյան, նաեւ Չինաստանի ուղղությամբ:
Ահա այդ գնի ձեւավորման առումով Բաքուն Մոսկվայի առաջ տարբեր կերպ դնում է «միջանցքի» խնդիրը: Մոսկվան չի կարող մերժել, քանի որ Բաքուն էլ կարող է մերժել իր հերթին՝ այն ակնկալիքների հարցում, որ կան: Կամ պահանջել արդեն անհամարժեք բարձր գին: Եվ այստեղ Մոսկվան պատասխանատվությունը «գլորում» է Երեւանի վրա, ընդ որում Բաքվին ուղղվածծ ակնարկով՝ ինչպես արդեն ասել եմ, որ «դուք եք Հայաստանի հետ գնացել ու նոյեմբերի 9-ը «ջրել» Բրյուսելում ու Վաշինգտոնում»: Բայց, սա իհարկե փաստարկ է, սակայն ոչ բոլոր հարցերը փակող փաստարկ, որովհետեւ Մոսկվայի ու Բաքվի միջեւ հարցերն այդուհանդերձ լայն են:
Եվ այստեղ Իրանի դերն է, որը իր դիրքորոշմամբ է «միջանցքի» հարցում փակում բոլոր հարցերը, այդ կերպ Մոսկվայի համար «բացելով» Բաքվի հետ հարաբերության տարածություն, այն ընդհանուր գլոբալ օրակարգի համատեքստում, որի շուրջ շահերը մերձեցրել են Թեհրանն ու Մոսկվան:
Իհարկե կարող է լինել փաստարկը, որ Ալիեւն այդ դեպքում կարող է հանգիստ պահանջել, որ Մոսկվան լուծի նաեւ Իրանի դիմադրության հարցը:
Սակայն, այստեղ հարկ է նկատել, որ քաղաքականությունը քմահաճության, կամակորության դաշտ չէ: Այդպես կարող է թվալ գուցե երեւանյան «բեսետկաներից» կամ «բեսետկաներից» գրեթե ոչնչով չտարբերվող մեդիափորձագիտական դաշտում եղած մի զգալի մասի պատկերացումներից, բայց իրականում քաղաքականությունը, այն էլ միջազգային, այդուհանդերձ տրամաբանվող փաստարկների դաշտ է: Իսկ Ռուսաստանից պահանջել կոտրել Իրանի դիմադրությունը, որեւէ կերպ տրամաբանական չէ, եւ Ալիեւը՝ ի տարբերություն հայ մեդիափորձագիտական հանրույթի ներկայացուցիչների մի մասի, լավ հասկանում է դա: Չհասկանալու դեպքում նրա ու Ադրբեջանի ճակատագիրը կդասավորվեր այլ կերպ:
Եվ այստեղ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի էական հանգամանքի, որը մոռացվում է: Պուտինի Բաքու այցի օրը Թեհրանից հնչում է հայտարարություն, որ հասկանում են հայ-ամերիկյան հարաբերության կարեւորությունը, բայց Երեւանին հայտնում են ռեգիոնում ամերիկյան ներկայության անընդունելիության մասին:
Պետք է ուշադրության արժանացնել այդպիսի դետալներին, ու չմտածել նաեւ, թե Թեհրանի համար «Զանգեզուրյան միջանցքի» մասին Մոսկվայից հայտարարությունները «հանկարծ» հնչած անակնկալներ էին:
Մոսկվան ու Թեհրանը ըստ էության հակասական այդ խաղով թեման համատեղ ակտիվացրել են ի պատասխան այն ակտիվության, որ դրանից շաբաթներ առաջ ցուցաբերեց ԱՄՆ, որը, ինչպես նշել եմ, ճանապարհների հարցում «մասնավոր ընկերության» տարբերակով լուծումների հեղինակն է: Եվ այդ տարբերակը գործնականում կողմերին ներկայացվել է շատ վաղուց՝ դեռեւս 2022 թվականի հուլիսից, իսկ 2024 թվականի հուլիսին մտել բավականին ինտենսիվ առաջմղման փուլ»:
Add new comment