COP29-ին ընդառաջ արձակել հայ գերիներին. Վաշինգտոնից՝ Բաքվին
Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին (COP29) ընդառաջ՝ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդին այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ Ադրբեջանին կոչ է անում որոշակի զիջումների գնալ, հայտնում է «Ազատությունը»:
«COP29-ի նման խոշոր միջազգային համաժողովի հյուրընկալումը պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ և ակնկալիքով, որ ընդունող երկրները թույլ կտան տեղեկատվության և հարցերի անկեղծ քննարկում, ինչը պահանջում է խոսքի և հավաքների ազատության ճանաչում: Ադրբեջանը դա չի արել»,- ասված է հայտարարությունում։
«Եթե Ադրբեջանը ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել եվրատլանտյան համայնքի հետ, ես կոչ եմ անում նախագահ Ալիևին ազատ արձակել իր կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկվածներին, այդ թվում՝ հայ կալանավորներին և էկոակտիվիստներին, ովքեր Չովդարի ոսկու հանքավայրի շահագործման վատ աշխատանքային պրակտիկայի և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների դեմ խաղաղ ցույցեր են իրականացրել», - հայտարարել է ԱՄՆ սենատորը՝ շարունակելով․ - «Նոյեմբերին կայանալիք COP29-ին ընդառաջ ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը ցույց տալ իր նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը` այդ անձանց անհապաղ ազատ արձակելով»։
Երեկ հայկական կողմը հաղորդեց, որ Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ, այն ընդգրկված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Սա 44-օրյա պատերազմից հետո համաձայնեցված միակ փաստաթուղթն է, որում հստակ ամրագրված է գերիների վերադարձը, բայց անգամ այս դեպքում հարցը լուծում չի ստացել:
Add new comment