Բաքվի ապատեղեկատվությունները ամենայն հավանականությամբ Տիգրանաշենի ուղղությամբ ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են. թյուրքագետ
Վերջին շրջանում ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա։
Այս հայտարարությունները, որոնք գրեթե աննկատ են մնում մեր հանրային օրակարգից, իրականում Հայաստանի դեմ վարվող տոտալ պատերազմի կարևոր դրվագներն են։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Նա մասնավորապես նշել է. «Դրանք, ամենայն հավանականությամբ, Տիգրանաշենի ուղղությամբ (Արարատ-Վայոց ձորի սահմանագծին) ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են։ Սա արվում է թե՛ հողի վրա՝ իրական հարձակման համար, և թե՛ դիվանագիտական ճնշում բանեցնելու համար՝ հերթական զիջումների հարցում։
Թվացող անդորրը, որը յուրատեսակ ձևով պարուրել է մեր հասարակությանը, շուտով հերթական անգամ «անակնկալ» կարող է վերածվել հերթական մղձավանջի։
Չեմ հոգնի կրկնել. կանգնեցնելու միակ լծակը մեր՝ հասարակության ձեռքին է»:
Add new comment