դսվ

Կա մեկ ճանապարհ՝ կատաղի ինքնապաշտպանություն, ներքին ռեսուրսների մոբիլիզացում, ռազմավարական դաշինք Իրանի և Հնդկաստանի հետ. պատմաբան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է. «Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով տարածում ստացած «Զանգեզուրի միջանցք» տերմինն ինքնին անընդունելի է, քանի որ նախատեսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության կոպիտ ոտնահարում։ Առհասարակ, հայության դեմ Բաքվի և Անկարայի վարած թշնամական, անգամ ցեղասպանական քաղաքականության պայմաններում այդ երկու թշնամիներին միացնող որևէ ճանապարհ Հայաստանի տարածքի վրայով մեր դեմ ստեղծելու է նոր սադրանքների և հարձակումների լայն հնարավորություններ, որոնց նպատակը լինելու է նույնը՝ Սյունիքի և ամբողջ Հայաստանի հատված-հատված կլանում։ Ճիշտ այնպես, ինչպես Բաքուն վարվեց Արցախում, իսկ մինչ այդ Թուրքիան՝ Կիպրոսում, Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում։ Կարևոր է հիշել, որ թուրք-ադրբեջանական զավթումներն իրականացվել են «միջազգային հանրության» լուռ համաձայնությամբ, եթե ոչ՝ բացահայտ խրախուսմամբ։

Իրանն այդ ամենը լավ է հասկանում և այդ իսկ պատճառով էլ ամենաբարձր դիվանագիտական-պետական մակարդակով, ինչպես նաև առարկայորեն հանդես է գալիս ՀՀ-ի տարածքային ամբողջականության երաշխավորի դերում։ Դրա վառ վկայությունն է իր հյուսիսային սահմանների երկայնքով մեծաքանակ բանակների պերճախոս տեղակայումը։ Թեհրանը հասկանում է, որ նահանջելու տեղ չունի։ Հայաստանի անկումից հետո թուրանական-իսրայելական դաշինքը, ունենալով Արևմուտքի ամբողջական աջակցությունը, արդեն բացահայտ համատեղ արշավ է սկսելու իր դեմ։ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԳՈՅՈՒԹՅԱՄԲ, ՓԱՍՏՈՐԵՆ, ԻՐԱՆԻ ԱՆԴԱՄԱՀԱՏՄԱՆ ԻՍՐԱՅԵԼԱ-ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՂ ԱՄՈՒՐ ԶՍՊԱՇԱՊԻԿ Է։ 

«Զանգեզուրի միջանցքի» բացումը նաև Արևմուտքի ռազմավարական, իսկ ՌԴ-ի մարտավարական նպատակներից է։ Բացառությամբ Փարիզի, Հայաստանի հնարավոր վերացումն աշխարհի քարտեզի վրայից Վաշինգտոնում, Լոնդոնում, Հռոմում, Վատիկանում, Բեռլինում և արևմտյան մյուս մայրաքաղաքներում որևէ մեկին չի հուզում։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները որպես վերջին տարբերակ պատրաստ են սկզբում այդ ճանապարհի վերահսկողությունը հանձնել ռուսական ուժերին։ Նրանք վստահ են, որ այդ դեպքում շատ կարճ ժամանակ անց կարողանալու են ռուսների հետ առևտրի մեջ մտնել և հեռացնել նրանց Հայաստանից էլ, այդ «միջանցքից» էլ, ինչպես վերջին տասնամյակներին հեռացրել են ռուսներին ամբողջ Արևելյան Եվրոպայից, Ադրբեջանից, Վրաստանից և շատ ուրիշ երկրներից։ Հերթը հասել է Հայաստանին և միջինասիական հանրապետություններին։ ՌԴ-ն էլ իր թուրքամետ-ադրբեջանամետ չմտածված քաղաքականությամբ ապացուցում է, որ իր համար Այսրկովկասից ամբողջական նահանջը արդեն գրեթե վճռված ընտրություն է։ Մոսկվան ընդամենը բանակցում է իր նահանջը հնարավորին չափ թանկ վաճառելու մասին։ 

Իրանը նահանջի տեղ չունի, հետևաբար՝ Սյունիքի հարցում ՌԴ-ն և Իրանը հազիվ թե երբևէ գան համաձայնության, եթե Մոսկվայում, իհարկե, մի գեղեցիկ օր արմատապես չվերանայեն իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Մոսկվան անկանխատեսելի է բոլորի համար։
Հայաստանն այս պայմաններում ունի մեկ ճանապարհ, որի մասին բազմիցս եմ խոսել. ԿԱՏԱՂԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՈԼՈՐ ՆԵՐՔԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՈՒՄ, ԻՐԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ»։

 

Add new comment