Ադրբեջանի ջրային խնդիրը՝ ագրեսիան հիմնավորող խաբկանք. Վահրամ Հովհաննիսյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը հրապարակել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանի «Ադրբեջանի ջրային խնդիրը՝ ագրեսիան հիմնավորող խաբկանք» վերտառությամբ հետազոտությունը, որն անդրադառնում է Ադրբեջանի վարած ջրային քաղաքականության մի քանի առանցքային հարցերի, որոնք ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ագրեսիայի «ջրային հիմնավորումներին:
Հետազոտության հիմնական շեշտադրումները և եզրակացությունները հետևյալն են.
- Ջրի խնդիր Ադրբեջանում առկա է, սակայն այդ խնդիրն ուռճացված է Ալիևի վարչակազմի կողմից՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիան արդարացնելու նպատակով:
- Իրական խնդիրը. բարձիթողի վիճակ, ապօրինի ջրօգտագործում, պատասխանատու կառույցների անարդյունավետ աշխատանք, հին ենթակառուցվածքներ, ներդրումային միջոցների վատնում, ջրային պաշարների նկատմամբ ադրբեջանցի օլիգարխների մենաշնորհ, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխություն:
- Գետերի ցամաքեցման պատճառներ. ջրի բավարար պաշար Ադրբեջանը, փաստացի, ունի, սակայն այն միտումնավոր չի հասնում բնակիչներին: Ադրբեջանում մեղավոր են հռչակել հարևաններին, սակայն գետերի ցամաքեցման իրական մեղավորը Թուրքիան է:
- «Ջրային խաբկանքի ռազմավարությունը»՝ օրակարգում. 2013թ.-ից Ալիևը ջրի խնդիրը հռչակել է անվտանգության սպառնալիք, և հետևողականորեն միջազգային հարթակներում իրականացվում են Հայաստանի և Արցախի ջրային պաշարների յուրացման լեգիտիմացման միջոցառումներ:
- Ջուրը՝ որպես ագրեսիան արդարացնող միջոց. Ադրբեջանն Արցախի վրա հարձակման արդարացման հարցում օգտագործել է ԵԽԽՎ 2016թ. բանաձևը և շարունակում է վարել նույն քաղաքականությունը՝ աչք ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող սահմանամերձ ջրային պաշարների վրա (Տավուշ, Վայոց Ձոր և Սյունիք), բայց հեռահար թիրախում Սևանա լիճն է:
- COP29-ին Ադրբեջանը լրջորեն է պատրաստվում՝ արդարացնելու համար դրա միջոցով հետագա ագրեսիան: Անհրաժեշտ է ձեռնարկել դիմակայող գործողություններ՝ իրականությունը միջազգային կառույցներին պատշաճ կերպով մատուցելու նպատակով:
Հետազոտության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ ՄԱՀՀԻ-ի կայքում՝ հետևյալ հղմամբ:
Add new comment