
Պատմականը մեզնից հեռացնելով՝ փոխում ենք մեր գենետիկ կոդը. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Իրական և պատմական Հայաստանների հետ կապված թեզը մեզ համար անընդունելի է. այն արհեստական է և շատ վտանգավոր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Վտանգը իրականի և պատմականի այն է, որ եթե մենք պատմականը մեզնից հեռացնում ենք, դրանով ջնջում ենք մեր պատմական հիշողությունը: Մենք դրանով նաև փոխում ենք մեր հիշողության գենետիկ կոդը: Ինչի՞ համար է արվում հիշողության այդ ջնջումը: Այսօր բոլորդ գիտեք, որ համակարգչի հիշողությունը մաքրում են, որ մեջը նոր ինֆորմացիայի տեղ լինի, իսկ այդ ինֆորմացիան դնում են նոր ձևով աշխատելու համար: Ազգը երբևէ այդ ինֆորմացիայի փոփոխության կարիքը չունի, մեր պատմական հիշողությունը մեզ համար առաջընթացի նպատակով է մնում»,-ասաց նա:
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայ եկեղեցին իր պատմական բոլոր շրջաններում եղել է քրիստոնեական եկեղեցիների մեջ ամենաառաջադեմն ու ժամանակակիցը: Այսօր էլ հենց այդ պատմական հիմքի վրա է շարունակում իր կյանքը եկեղեցին: «Եթե մենք մեր հիշողության մեջ պահած չլինեինք Արցախը, մենք չէինք լինի պահանջատեր: Եթե մենք մեր հիշողությունից կորցնենք Արևմտյան Հայաստանը, կորցնելու ենք Արևմտյան Հայաստանի՝ որևէ ժամանակի համար իրականանալիք պահանջատիրությունը: Եթե մենք մեր հիշողությունից ջնջենք Հայոց ցեղասպանությունը, ուրեմն մենք այսօր համակերպվում ենք, որ կարելի է ցեղասպանություն անել, կարելի է մեզ կոտորել ու մենք դա կարող ենք հանդուրժել»,- ընդգծեց նա:
Add new comment