8+

Արցախում թափոնների գերեզման սարքելու հարցը պետք է «COP29»-ին օգտագործվի Բաքվի դեմ. Սիլվա Ադամյան

Շուրջ 2 ամիս է մնացել Բաքվում «COP29»-ի (ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջան) անցկացմանը, ուստի օրակարգային է դառնում Ադրբեջանի քարոզչական հարվածներին դիմակայելու և դրանց պատասխանելու խնդիրը: 

 «Դետք»-ն արդեն պատմել է այն մասին, թե ինչպես Ադրբեջանը շորթեց «COP29»-ը անցկացնելու հնարավորությունը, և ինչ խնդիրներ կարող են ստեղծվել Հայաստանի համար: Նաև անդրադարձել ենք այն հարցին, որ Ադրբեջանը սկսել է քարտեզագրել Հայաստանի բնական պաշարները և բնապահպանական խնդիրները` վերոնշյալ կոնֆերանսին ներկայացնելու մտադրությամբ:

Այսինքն` Բաքուն այս գագաթնաժողովն օգտագործում է առավելապես Հայաստանի դեմ պայքարի շրջանակում` լռելով սեփական խնդիրների մասին: Իսկ դրանք իրականում շատ են: 

Մեզ հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ էկոլոգիական խնդիրների մասին խոսող Ադրբեջանն ինքը կանգնած է էկոլոգիական լրջագույն խնդիրների առաջ, ավելին` որպես նավթ և գազ արդյունահանող երկիր՝ բնապահպանական լրջագույն խնդիրներ է ստեղծում հատկապես Կասպից ծովի հատվածում:

«Այդ խնդիրների մասին միշտ էլ խոսել ենք, ուղղակի հիմա, պայմանավորված գագաթնաժողովի անցկացմամբ, այդ հարցերը կրկին արդիական դարձան: Խոսել ենք Բաքվի կողմից ֆոսֆորային զենքի կիրառման մասին և նամակներ ենք ուղարկել տարբեր կազմակերպությունների, սակայն որևէ գլոբալ պատասխան չենք ստացել: «COP29»-ի հետ կապված ևս նամակ ենք պատրաստել, բայց, ցավոք սրտի, պատասխան դեռ չկա: Մեզ ասում են` Հայաստանն ինքն է ճանապարհ բացել Ադրբեջանի համար, իր առաջնահերթությունը տվել է Ադրբեջանին, և դա է պատճառը, որ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում մեր նամակներին»,- ասաց Սիլվա Ադամյանը: 

Նա ընդգծեց` Ադրբեջանը փորձում է «COP29»-ի հարթակն օգտագործել Հայաստանի դեմ. այնտեղից հայտարարում են, թե հայերը շատ վատ են աշխատում, դրա համար աղտոտում են տարածաշրջանը, այսինքն` ձևափոխում են խնդիրը, քաղաքականացնում և մեղքը գցում ՀՀ-ի վրա:

«Այն, որ մենք վատ ենք աշխատում բնապահպանական առումով, գիտենք, բայց որ իրենք ավելի վատ են աշխատում, դա էլ գիտենք: Ադրբեջանում` Կասպից ծովի ափամերձ շրջանում, որտեղ հանքարդյունաբերությունը խիստ զարգացած է, խայտառակ բնապահպանական վիճակ է։ Այդ ամենն անդրադառնում է ամբողջ շրջակա միջավայրի վրա, էլ չասեմ, որ կարող է անդրադառնալ ՌԴ-ի, Ղազախստանի, Թուրքմենստանի վրա։ Այս ամենի մասին, փաստորեն, Ադրբեջանը լռում է և խոսում միայն Հայաստանի առաջացրած խնդիրների մասին։

Վերջերս էլ կարդացի, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախի գրավյալ տարածքներում թափոնների մեծ գերեզմանոց սարքել, իրենց ասելով` նոր տեխնոլոգիաներով պետք է աշխարհից թափոններ բերեն: Դա արդեն ստեղծում է էկոլոգիական լուրջ խնդիր տարածաշրջանի համար, մասնավորապես Հայաստանի, որը ջրային ու հողային ռեսուրսներով կապված է Արցախի հետ: Ես կարծում եմ` արդեն ուզած-չուզած մեր պատվիրակությունը պետք է մեկնի Բաքու, որովհետև իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, պետք է մեկնի և հակահարված տա նրանց: Արցախում թափոնների գերեզման սարքելու հարցը պետք է անպայմանորեն օգտագործվի Բաքվի դեմ և շեշտվի, որ դրանով աղտոտելու են հայկական գետերը, ջրավազանները»,- ասաց մեր զրուցակիցը: 


 

Add new comment