
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության համար․ Փաշինյան
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը այդ կառույցում։
«Շատ է քննարկվում, թե արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում, և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից:
Կա արտահայտություն ավիացիայի մեջ՝ «անդառնալիության կետ», եթե մենք արդեն չենք անցել այդ կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը: Որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու որևէ լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»,- հայտարարել է նա:
Add new comment