Ադրբեջանական մի շարք «ՀԿ»-ներ դիմել են ԵՄ կառույցների՝ հայտարարելով, թե Հայաստանը իրենց «պատմական հողն» է. Տաթև Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Արցախի վրա հարձակման տարելիցի առթիվ մի շարք ադրբեջանական «ՀԿ»-ներ՝ հասկացեք պետության կողմից կառավարվող կառույցներ դիմել են ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի ղեկավարությանը՝ նշելով, որ Հայաստանը իրենց «պատմական հողն» է, մշակութային ժառանգության «բնօրրանը», նաև կոչ անելով ճնշել ՀՀ իշխանություններին՝ ապահովելու իրենց «արժանապատիվ ու անվտանգ վերադարձը նախնյաց երկիր»։
Թերևս երևի չանդրադառնայի այս նամակին, եթե չկարդայի ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությունը, որտեղ ոչ մի խոսք չկար ԼՂ 120,000 հայերի հավաքական ու անհատական իրավունքների, այդ թվում՝ վերադարձի անքակտելի իրավունքի մասին։
Սա երկու զուգահեռ իրականություն է՝ մեզ մոտ հրաժարվում են եղած, ամրագրված իրավունքներից, իսկ Ադրբեջանում, դրան ի պատասխան, հորինում են գոյություն չունեցող իրավունքներ, մեզ մոտ կոչ են անում հրաժարվել արմատից, մերժել ընկալումներն այն հողի մասին, որտեղ հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցն է հիմնել, որտեղ մենք արմատ ու մշակութային հարուստ ժառանգություն ունենք, իսկ հարևան իրականության մեջ մեր պետության հաշվին հորինում են «նախնյաց երկիր», իրանական մշակույթային ժառանգության ատրիբուտները վերագրում իրենց, միգուցե մի օր էլ ասեն, որ Հեյդար Ալիևի տապանը Արագածի վրա է կանգնել մեծ ջրհեղեղից հետո։
Ճիշտ հասկացեք, իրենք շատ անհեթեթություն կարող են հորինել, վտանգը՝ այդ ամենը անտեսելն է, դրանք իրենց դեմ չուղղելը, սեփական իրավունքները, արմատը, պատմությունը մոռանալը․․․Հենց այդ քաղաքականությունն է նպաստում, որ իրենք նման քայլեր են ձեռնարկում մեր դեմ։ Ի վերջո, մենք մեր պատմությունից ոչինչ չսովորեցինք․․․սա է իրողությունը»։
Add new comment