Վերադարձ Արցախ
Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գրում է. «2023թ. մայիսի 22-ին ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը հայտարարեց, որ ինքը ճանաչում է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս:
Գրեթե չորս ամիս անց՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:
Հայկական պետականության կորստի սողացող ընթացքը դադարեցնելու, ինչպես նաև Արցախի մեր հայրենակիցների Արցախ վերադարձը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, բայց ոչ բավարար, Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք հանդիսացող իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանին համազգային ուժերի գերլարմամբ անհետաձգելիորեն հեռացնել իշխանությունից:
Արցախի Հանրապետության մեր հայրենակիցները պետք է վերադառնան Արցախ մեկ պարագայում. տիրոջ իրավունքով և կարգավիճակով:
Ոչ ոք, ու ոչինչ երբեք չի կարող հիմնավորել, կամ արդարացնել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացումն ու մեր հայրենակիցների Արցախ չվերադառնալը»:
Add new comment