Gyh

Ալիևը խորհրդարանում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» խնդրին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանի խորհրդարանի 7-րդ գումարման  առաջին նիստում ելույթ է ունեցել Իլհամ Ալիևը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Ըստ նրա՝ Հայաստանում ավելանում են ռևանշիստական ​​ուժերը, և Հայաստանի ղեկավարությունն ապրում է այս գաղափարներով։

Բաքվի բռնապետն ընդգծել է, որ Հայաստանում չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության (ահաբեկչական գործողություն Ադրբեջանի կողմից - խմբ.) արդյունքների հետ. «Սրա վկայությունն է Մինսկի խմբի ֆորմալ պահպանումը, որն առ այսօր չունի գործառական նշանակություն»։

Խոսելով Ադրբեջանի զինված ուժերի մասին՝ Ալիևը նշել է, որ վերջինիս մարտունակությունը բարձրացել է։

«Հայաստանը և նրա հետևում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանան, որ մեզ հետ շանտաժի ու վերջնագրի լեզվով հնարավոր չի լինի խոսել։ Մենք պատրաստ ենք ցանկացած պատասխան տալու, մենք ունակ ենք դրան և պետք է միշտ պատրաստ լինենք դրան»,- հավելել է նա:

Ալիևը նշել է, որ պահանջները մնում են նույնը. «Նրանք, ովքեր զինում են Հայաստանին, պետք է իմանան, որ իրենք անմիջական պատասխանատվություն են կրելու ապագա բոլոր իրադարձությունների համար։ Բնականաբար, մեր նկատմամբ պաշտոնական տարածքային պահանջները պետք է դադարեցվեն։ Նրանց Սահմանադրությունը պետք է փոփոխվի, Մինսկի խումբը` վերացվի»։

Թշնամի պետությունը պետական մակարդակով սպառնալիք պարունակող հայտարարություններ է անում՝ զուգահեռ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։

Վերջերս Ալիևը նշել էր, որ կար մի թեզ, որի համաձայն անհրաժեշտ էր համագործակցություն սկսել Հայաստանի հետ և հասարակական կազմակերպությունների կողմից անցկացվեցին տարբեր սեմինարներ։ Բայց թշնամի պետության ղեկավարը անհիմն էր համարել համագործակցել մի երկրի հետ, որն իբրև իրագործել է Խոջալուի ցեղասպանությունն ու Ղարաբաղում գետնին հավասարեցրել գյուղեր ու քաղաքներ։ Նա նշել է, որ Ադրբեջանը քանդեց այս բոլոր ծրագրերը (Արցախի օկուպացումը նկատի ունի- խմբ)։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը խաղաղության չի գնալու Հայաստանի հետ և պետական մակարդակով սերմանելու է հայատյացություն։

 

Add new comment

From the author