8113

Կանգնելով մեխերով տախտակի և կոտրված ապակիների վրա. «ՈՄԱ Էջմիածնում» կոփում են կամք և ինքնակառավարում

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Բժշկական ասեղով ծակել սեփական ձեռքը, կանգնել մեխերով տախտակի, այնուհետև՝ կոտրված ապակիների վրա։ Այո, հնարավոր է, երբ մուտք ես գործում «կառավարման կենտրոն»՝ գիտակցության խորքային հատված, և կառավարում հոգեվիճակդ, հույզերդ և ֆիզիկական մարմնի զգացողությունները, ցավերը։

Սեպտեմբերի 22-ին «ՈՄԱ Էջմիածին» ռազմահայրենասիրական կազմակերպությունում տեղի ունեցավ «Կամք և ինքնակառավարում» խորագրով թրեյնինգ։ Այն անցկացնում էր կազմակերպության անդամ, բժիշկ, հոգեբան Համլետ Դանղյանը, որը 2022 թվականի սեպտեմբերյան մարտերին եղել է Ջերմուկի դիրքերում։

«Յուրաքանչյուր հզոր բանակ ունի մի քանի բաղադրիչ՝ սպառազինություն, բանակի կադրերի պատրաստվածություն, հոգեբանական պատրաստվածություն, որոնք փոխլրացնում են միմյանց։ Թրեյնինգի նպատակն է ծանոթանալ տեխնիկաների, որոնք կօգնեն էքստրեմալ իրավիճակներում կառավարել տագնապը, վախը, ցավը և գործել սառնասրտորեն, հավասարակշռված։ Բնական աղետների, պատերազմների, արտակարգ իրավիճակների ժամանակ շատ կորուստներ լինում են տագնապային, անկանոն գործողությունների արդյունքում։ Ներկա բարդ իրականությունում սա թերևս ամենաարդյունավետ գործիքն է սթրեսի հաղթահարման, էմոցիաների, մտքերի կառավարման, արդյունավետության բարձրացման և հավասարակշռված գործողություններով առաջ շարժվելու համար»,- «Դետք»-ի հետ զրույցում նշեց Դանղյանը։

1

Ըստ հոգեբանի՝ «Կամք և ինքնակառավարում» թրեյնինգի հիմքում ժամանակակից գիտությունների՝ կենսաբանության, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, հոգեբանության, հիպնոլոգիայի օրենքներն են և հազարամյա արևելյան մշակույթի մեդիտատիվ պրակտիկաները։ Այս տեխնիկաները, որոնք դարեր առաջ օգտագործել են սամուրայներն ու հատկապես նինձյաները, արդիական են նաև այսօր. «Աշխարհի լավագույն հատուկ նշանակության զինված ստորաբաժանումները պարտադիր տիրապետում են ինքնակառավարման մեդիտատիվ տեխնիկաների՝ ամերիկյան «Морские котики»-ից մինչև ռուսական ГРУ, օրինակ՝ սովետական ժամանակ հայտնի էր «Ключ» մեթոդը»։

Հ. Դանղյանը բացատրում է. «Սթրեսը «21-րդ դար»-ի հոմանիշն է։ Հեռախոսը միացնում ենք՝ սթրեսի ազդակներ, հեռուստացույցը միացնում ենք՝ սթրես, տնից դուրս ենք գալիս՝ սթրես, վարորդ լինելը՝ սթրես, աշխատավայրում՝ սթրես, լուրերը՝ սթրես... Կախված անհատի պատասխանից՝ սթրեսը կարող է հանգեցնել արագ և դանդաղ զարգացող հիվանդությունների, կյանքի որակի անկման, կյանքի տևողության կարճացման։ Սթրեսային իրավիճակներում մարդու օրգանիզմը սկսում է գործել արտակարգ ռեժիմով. դրա պարզագույն դրսևորումը քաշի կորուստն է։ Ես գիտեմ, որ շատերը թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ 2022 թվականին Ջերմուկում քաշի լուրջ կորուստ են ունեցել։ Այս տեխնիկաները առօրյա կյանքում օգնում են արագ ազատվել մենթալ, էմոցիոնալ բեռից, չեզոքացնել սթրեսածին գործոնների ազդեցությունը, ինչպես նաև նպաստում են օրգանիզմի ինքնաապաքինման գործընթացների ակտիվացմանը և հոգով խաղաղ ապրելուն»։

Թրեյնինգի ավարտին մասնակիցների կեսից ավելին հանձնեց «քննություն». բժշկական ստերիլ ասեղով ծակեցին սեփական ձեռքը (ցավազրկման ցուցադրում), կանգնեցին մեխերով տախտակի վրա մոտ 30 վայրկյան (կամքի դրսևորում), կանգնեցին կոտրված ապակիների վրա (վախի հաղթահարում)։

Քանի որ այս թրեյնինգին մասնակցում էի նաև ես, որպես քննությունը հանձնած մասնակից՝ նշեմ, որ այսօրվա իրականությունում հոգեկան հավասարակշռությունը կայուն պահելը, տագնապները, հույզերը կառավարելը առնվազն անհրաժեշտություն են, էլ չեմ խոսում մարտական գործողությունների ընթացքում դրանց կարևորության մասին։ Թրեյնինգը հնարավորություն տվեց ինձ հասկանալու, որ կարող եմ մտքերիս միջոցով կառավարել մարմինս, հոգեկան հանգստության հասնել, չեզոքացնել վախն ու տագնապային մտքերը։ Իհարկե, սա բազա է, տեխնիկա, որը պետք է ամեն օր կիրառել, որպեսզի հանգիստ, հավասարակշռված վիճակի անցնելը 15-30 րոպեի փոխարեն տևի ընդամենը մի քանի վայրկյան։

Այսպիսով՝ այս թրեյնինգը ֆիզիկական (ցավի) և հոգեբանական (վախի) սթրեսի հաղթահարման, կամքի բարձրացման միջոց էր։

2

 

Add new comment

From the author