752

Փաշինյանի և Մոդիի «ոտքի վրա» հանդիպումը. հետաքրքիր հանգամանքներ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Վարչապետ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում այսպես ասած ոտքի վրա շփում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ: Այստեղ կա երկու հանգամանք, որի վրա կուզեմ ուշադրություն դարձնել: Նախ, կարծում եմ լավ չէ, երբ Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետները շփվում են «ոտքի վրա», այլ ոչ թե լինում է նրանց միջեւ երկկողմ հանդիպում: Լավ չէ այն առումով, որ Հնդկաստանն ըստ էության Հայաստանի ռազմա-տեխնիկական գլխավոր գործընկերն է վերջին 3-4 տարիներին, ու նաեւ շատ կարեւոր երկիր քաղաքական ու տնտեսական գործընկերային ներուժի իմաստով: Ահա թե ինչու լավ չէ, որ չի հաջողվել կազմակերպել երկկողմ հանդիպում, այլ ընդամենը շփում ոտքի վրա:

Իհարկե հնարավոր է, որ Երեւանն ու Նյու Դելլին քննարկեն ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ժամանակ երկկողմ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, հաշվի առնելով, որ հոկտեմբերին Կազանում դրան մասնակցելու են թե Փաշինյանը, թե Մոդին:

Մյուս հանգամանքն այն է, որ, ինչքան փնտրեցի, Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորանքների շարքում չտեսա շնորհավորանք Հնդկաստանից: Չեմ կարող պնդել, եղել է, թե ոչ, բայց փնտրելով համացանցում՝ չեմ գտել այդպիսի շնորհավորանք: Դրա մասին ոչինչ չկա վարչապետի պաշտոնական կայքում, իսկ լինելու դեպքում թերեւս անպայման կհաղորդվեր, քանի որ դա պակաս կարեւոր շնորհավորանք չէ, քան օրինակ Սիրիայի վարչապետից կամ Թուրքմենստանի նախագահից ստացվածը: Չկա ոչինչ նաեւ Հայաստանի նախագահի կայքում: Ինչպես ավելի վաղ գրել էին, այնտեղ ընդհանրապես «հարկ չեն համարել» ավելորդ էներգիա ծախսել շնորհավորական հեռագրեր ուղարկող երկրները թվարկելու համար»:

 

Add new comment