Ալիևի սպառնալիքներն ու Փաշինյանի «Ապագա կա՛»-ն
Նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացավ Ապագայի գագաթնաժողովը, որին մասնակցում էին աշխարհի մի քանի տասնյակ պետությունների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:
Գագաթնաժողովին ելույթ ունեցավ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ՄԱԿ-ի ամբիոնից պատմելով դրական խոսույթներ ձևավորելու կարևորության մասին` փոխանակ «հարևան երկրներին մեղադրելու»։
Հայաստանի վարչապետի ելույթը կարելի էր համարել բարության և խաղաղասիրության կոչ, կարելի էր հպարտանալ դրանով, անգամ ուրախանալ, եթե չլինեինք այն իրավիճակում, որում այսօր ենք: Փաշինյանի ելույթից ընդամենը ժամեր առաջ Բաքվից Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնացել է Հայաստանին:
Բաքվի Հանրապետության, այսպես ասած, նորընտիր խորհրդարանի առաջին նիստին ելույթ ունենալով` Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել է «ռևանշիստական տրամադրություններ» ունենալու մեջ և հայտարարել, թե Ադրբեջանը պետք է շարունակի մեծ փողեր հատկացնել զինված ուժերի հզորացմանը: Բաքվի բռնապետը խոսել է բանակում նոր զինված միավորումների, հատուկ նշանակության ուժերի թվաքանակի ավելացման, զենքերի ձեռքբերման և ռազմական գործարանների արդիականացման մասին։ Ու ավելացրել է՝ երկրի առաջ ծառացած խնդիրներից մեկը նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումն է:
Անդրադառնալով Հայաստանի ռազմական գնումներին` Ալիևը նշել է, որ այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար: Որոնք ենք «ապագայում սպասվող իրադարձությունները», իհարկե կարելի է կռահել` հաշվի առնելով Բաքվի ծրագրերը:
Տևական ժամանակ է` Բաքուն քարոզչական բոլոր խողովակներով փորձում է ցույց տալ, թե Հայաստանի ռազմական գնումները Ադրբեջանի դեմ ռևանշի նախապատրաստություն են: Հիմա էլ իր երկրի երեսփոխանների առջև հայտարարում է, թե միջազգային իրավիճակը, ինչպես նաև «Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները» անհրաժեշտություն են դարձնում անվտանգության ուղղությամբ քայլերը չնվազեցնելը:
Հասկանալու համար Ալիևի ելույթում առկա ողջ թշնամանքը` մեջբերենք մի հատված: Խոսելով Հայաստանի հետ համագործակցելու հնարավորության մասին` Բաքվի բռնապետն ասում է. «Ի՞նչ կապ կարող էինք ունենալ արյունարբու թշնամու հետ, որը իրագործել է Խոջալուի ցեղասպանությունը և գետնին հավասարեցրել մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը Ղարաբաղի տարածաշրջանում։ Բայց այս օկուպացիան հավերժացնել ցանկացողների նպատակն այն էր, որ ապագա սերունդը՝ երիտասարդ սերունդը, այլևս չուզենա պատերազմ, որ մենք խաղաղության հասնենք Հայաստանի հետ, և այդպիսով օկուպացիան մնա։ Մենք՝ Ադրբեջանի ժողովուրդս, փշրեցինք այս բոլոր ծրագրերը, տապալեցինք դրանք․․․»։
Ալիևի այս հայտարարություններին, ենթադրվում էր, որ Հայաստանը պետք է որևէ կերպ արձագանքի` հատկապես երբ վարչապետը ժամեր անց ելույթ էր ունենալու ամենաբարձր քաղաքական ամբիոններից մեկից: Սակայն Փաշինյանը, փոխանակ զբաղվելու Հայաստանի շահերի պաշտպանությամբ, իր ելույթի 4 րոպեն օգտագործել էր համայն դիվանագետներին ու երկրների ղեկավարներին հայտնելու, որ «Ապագա կա՛»: Այդ խաղաղասիրական ելույթից հետո էլ մնում էր հանգիստ խղճով հեծանվային զբոսանք կազմակերպել Նյու Յորքի փողոցներով, ինչն էլ, դիցուք, տեղի է ունեցել:
Իսկ թե Փաշինյանը և իր պատվիրակությունը ինչպես «կծախսեն» ՄԱԿ-ի գագաթնաժողովի հաջորդ օրերը, ինչ կքննարկեն ծրագրված հանդիպումներում, և ինչ սպասել Էրդողանի հետ երկկողմ հանդիպումից, ցույց կտա ժամանակը:
Add new comment