08

ԱԺ քննիչ հանձնաժողովը կտա պատասխանը` ովքեր են 44-օրյա պատերազմի մեղավորները. Շահրամանյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Sputnik Արմենիա». Հարուցված բազմաթիվ քրեական գործերն ու ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը կտան պատասխան, թե ովքեր են 44-օրյա պատերազմի մեղավորները։ Այս մասին Արցախյան 44-օրյա տարելիցի օրը Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«ՀՀ-ում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, ՀՀ ԱԺ-ում գործել է քննիչ հանձնաժողովը, որն առաջիկայում երևի կհրապարակի եզրակացությունները, և համապատասխան կարծիք կկազմենք։ Ոչ միայն դա կլինի հիմք մեզ համար` հասկանալու` ովքեր էին մեղավորները, այլև մենք էլ ունենք մեր կարծիքը, սակայն դրա մասին ավելի կոնկրետ հնարավոր կլինի խոսել` քրեական գործերի արդյունքների մասին տեղեկանալով»,- հայտարարեց Շահրամանյանը։

Նրա խոսքով` 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը, իսկ 2023 թվականին կատարվածը դրա հետևանքն էր։

Շահրամանյանն անդրադարձավ այն հայտարարություններին, որ ինքը հայաստանյան ընդդիմության թեկնածուն էր, որը պետք է ստորագրեր Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը։

«Շատ բան են խոսում, մնում է այդ ասվածը հիմնավորվի. ես այն ժամանակ եմ ստանձնել նախագահի պարտականությունները, երբ բոլորը Արցախից հրաժարվել են, և մենք կայացրել ենք որոշումներ` ելնելով իրավիճակից։ Արցախի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը քննարկվել է վերջին օրերին` Արայիկ Հարությունյանի հրաժարականի օրերին։ Ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը` հասկանալով իրավիճակի բարդությունը և չխուսափելով այն պատասխանատվությունից, որ պետք է վերցներ պետական պաշտոնյան։ Ես շատ լավ գիտակցում էի` ինչ է նշանակում ստանձնել այդ պաշտոնը»,- վստահեցրեց Արցախի նախագահը։

Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ Արցախի մյուս պաշտոնյաները ձերբակալվեցին, իսկ ինքը` ոչ, Շահրամյանը նշեց, որ այդ որոշումները կայացվել են Ադրբեջանում, իսկ թե ինչու իրեն չձերբակալեցին, դրա պատասխանը ժամանակի ընթացքում բոլորը կիմանան։

«Ոչ ոք չգիտեր` 2023 թվականի սեպտեմբերի ագրեսիայի ելքն ինչպես է լինելու, մինչև վերջին վայրկյանը արցախցիները չեն ցանկացել լքել իրենց բնակավայրերը։ Մենք ադրբեջանական կողմի հետ բանակցում էինք, որպեսզի իրավիճակը պահենք կայուն, սակայն չենք ստացել համապատասխան երաշխիքներ, որ մարդիկ կարող են շարունակել անվտանգ ապրել այնտեղ»,- ավելացրեց Արցախի նախագահը։

Add new comment

From the author