Benjamin Netanyahu

Իսրայելի վարչապետն առաջիկայում կարող է այցելել Կիև

Իսրայելի վարչապետն ի սկզբանե զգուշավոր մոտեցում է ցուցաբերել ուկրաինական պատերազմի հանդեպ, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո ավելի մեծ աջակցություն է հայտնել պատերազմից տուժած երկրին:

«Բենիամին Նեթանյահուն առաջիկայում կարող է մեկնել Ուկրաինա և հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ»,- տեղեկացնում է «Israel Hayom» պարբերականը։

Այս հարցը դեռևս քննարկման փուլում է։

Նեթանյահուն մի քանի անգամ ընդգծել է, որ Իսրայելը կքննարկի Ուկրաինային  սպառազինության համակարգեր տրամադրելու հնարավորությունը և նույնիսկ հավանություն է տվել Իսրայելի ԱԳ նախարար էլի Կոհենի այցին Կիև, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ:  

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և խոստացել մեծացնել ուկրաինական կողմին հումանիտար օգնության ծավալը։ Նշվել է, որ Իսրայելը միանշանակ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և պատրաստակամություն է հայտնել հակամարտությունից հետո նպաստել Ուկրաինայի վերականգնմանը։

Երկուշաբթի Ամերիկայի նախագահ Ջո Բայդենն այցելել էր Կիև՝ հետևելով արևմտյան շատ երկրների նախագահների օրինակին, որոնք այցելում էին Զելենսկիին և հայտնում իրենց աջակցությունը։ Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Նեթանյահուն նույնպես պետք է հետևի նրանց օրինակին, ինչն էլ դրդել է  մտածել այցի մասին: 

Add new comment