Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Նշված միջոցառումների օրակարգում ընդգրկված հարցերը Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հետ քննարկելու նպատակով Երևանում են հյուրընկալվելու նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Միջկառավարական խորհրդի նիստին կմիանան ԵԱՏՄ-ում դիտորդ կարգավիճակ ունեցող երկրների՝ Կուբայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված հյուրերը։
Նիստերի ընթացքում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ներքին շուկայի գործունեության հարցերին, ինչպես նաև արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:
Ակնկալվում է նաև, որ ԵԱՏՄ երկրների վարչապետները կքննարկեն կազմակերպության շրջանակներում մինչև 2030 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:
Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային նիստերն ավանդաբար անցկացվում են Հայաստանում:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, կյանքի է կոչում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումները, որոնք ընդունվում են ԵԱՏՄ երկրների առաջնորդների մակարդակով: Այս մարմնի նիստերը տարվա ընթացքում անցկացվում են առնվազն երկու անգամ:
Իսկ Եվրասիական տնտեսական համաժողովը կանցկացվի երրորդ անգամ՝ «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներն ու առաջնահերթությունները» խորագրի ներքո։
Add new comment