Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
Իսրայելական բանակի հետևակը մուտք է գործել Լիբանան, իսկ հրետանին ընդլայնում է հարձակումների աշխարհագրությունը. հրետակոծվում է Լիբանանի տարածքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Չափազանց մտահոգիչ տեղեկատվություն է, որի խորքային հետևանքը, աշխարհագրական մոտիկությունը մեր շատ հայրենակիցներ չեն գիտակցում:
Միջազգային հարաբերություններում ուժի գործոնը դառնում է միակը, որոշիչը, ինչը քաջալերում է ագրեսիվ պետություններին, իսկ Հայաստանի նման թույլ պետությունների առջև հառնում է պետականությունը կորցնել-չկորցնելու իրական երկընտրանքը:
Իսրայելը ներխուժել է Լիբանան, ֆորմալ պատերազմը «Հիզբոլլահի» դեմ է, բայց իրական թիրախը Իրանն է:
Այս ամենի հետևանքով կամ թուլանալու է Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը, որը կարևոր գործոն է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, կամ Իրանը ներքաշվելու է մեծ պատերազմի մեջ, ինչն ԱՄՆ-ի և Իսրայելի համար անգամներով մեծացնելու է Ադրբեջանի ստրատեգիական կշիռը»,- գրել է նա:
Add new comment