bfdngf

Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան

Հոկտեմբերի 2-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։

Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի պատասխանները քննարկման վարողի հարցերին: 

Անջա Վեհլեռ-Շոկ. «Քանի որ մեր զրույցը վերաբերելու է համաշխարհային կարգին, առաջարկում եմ անդրադառնալ ներկայիս, ամենաթարմ զարգացումներին առնչվող թեմայի: Հայաստանին հարևան Իրանը երեկ երեկոյան հարյուրից ավել հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Մտահոգվա՞ծ եք, որ տարածաշրջանային պատերազմ կարող է սկսվել, և և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ Ձեր երկրի համար:»

Արարատ Միրզոյան. «Հարգելի՛ ներկաներ, ողջունում եմ բոլորին: Անչափ հաճելի է գտնվել այստեղ և ակնկալում եմ, որ հետաքրքիր քննարկում կունենաք: Առաջին հարցը բավականին բարդ ընտրեցիք, պետք է խոստովանեմ: Եթե հետևում եք ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակին, միտումներին և քաղաքականությանը Հարավային Կովկասում, ապա մենք Հայաստանում, փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովենք, սակայն տեսնում ենք, որ մեր՝ ավելի լայն հարևանությամբ գտնվող երկրները հրթիռային հարվածներ են հասցնում միմյանց: Իհարկե, դա մեզ մտահոգում է: Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել որևէ սրացում և միայն հուսով ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ լուծում կստանա:»

Անջա Վեհլեռ-Շոկ.  «Եկեք մի փոքր ավելի կենտրոնանանք Հարավային Կովկասի վրա: Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակասությունը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հիմքը, և մեկ տարուց քիչ առաջ, Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումից հետո ավելի քան 140.000 մարդ տեղահանվել և ապաստան է գտել Հայաստանում: Ինչպե՞ս է Հայաստանը կարողացել ընդունել մարդկանց այս զանգվածային հոսքը։»

Արարատ Միրզոյան. «Նախ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունման մասով, դա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն էր, ինչը մեծ մարտահրավեր էր մեզ համար: Իմ կարծիքով աշխարհում ցանկացած կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140.000-ից ավել փախստական ընդունելը: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի ապահովենք նրանց առաջնային անհրաժեշտության կարիքները՝ ապաստան, սնունդ և առաջնային այլ կարիքներ։ Իհարկե, մենք դիմել ենք միջազգային հանրության օգնությանը և բարձր ենք գնահատում ցուցաբերված աջակցությունը։ Հիմա, ես կասեի, որ հաջորդ փուլի ժամանակն է, որ պետք է ինչ-որ կերպ  բավարարել միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները, և առաջին հերթին այստեղ ես խոսում եմ բնակարանային խնդրի մասին, բայց նաև զբաղվածության մասին, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել: Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե չկա հնարավորություն, որ այդ մարդիկ վերադառնան իրենց տները, ապա մեր քաղաքականությունն է ամեն ջանք գործադրել, որպեսզի նրանք ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը, աշխատանք գտնեն, նոր տներ կառուցեն մեր երկրում ու մնան Հայաստանում:»

Անջա Վեհլեռ-Շոկ.  Ինչպե՞ս են այս զարգացումներն ազդել Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ձեր կառավարության ջանքերի վրա:

Արարատ Միրզոյան. Ոչ միայն փախստականների ներհոսքը, այլև այս խնդրի արմատները, նկատի ունեմ Ադրբեջանի հարձակումը, որը տեղի ունեցավ 2023թ., բայց նաև ամբողջ պատմությունը, որը սկսվեց  2020թ., երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ այնուհետև պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական ուժերը ներխուժեցին և օկուպացրեցին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, սա է ամբողջ պատկերը: Իհարկե, այս իրավիճակում Հայաստանում շատերն էին հարցեր տալիս, և նրանք սկսեցին կասկածի տակ դնել ժողովրդավարության արդյունավետությունը։ Հետաքրքիրն այն էր, որ հարցերը հետևյալն էին. «Լավ, ժողովրդավարությունը երևի ներքուստ լավ է մարդկանց բարգավաճման համար և այլն, բայց արդյո՞ք ժողովրդավարությունը կարող է նաև ապահովել մեր անվտանգությունը»: 

Այսպիսով, պատերազմից հետո, որի մասին խոսեցի, Հայաստանի Հանրապետությունում ի հայտ եկան մի շարք ներքին ճգնաժամեր, և այս իրավիճակին որոշակի լուծում տալու համար որոշեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Մենք 2021 թվականին անցկացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ժողովրդավարությունը եղավ  այն հիմնական թեմաներից, որոնք քննարկեցինք նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Բարեբախտաբար, ժողովրդավարության օգտին հանդես եկող քաղաքական կուսակցությունը՝ իմ քաղաքական կուսակցությունը, հաղթեց ընտրություններում և ձևավորեց կառավարությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին 2 բան՝ առաջին հերթին կառավարության խաղաղության օրակարգը ինչպես նաև երկրի հետագա ժողովրդավարացումը։

Անջա Վեհլեռ-Շոկ. Այս զարգացումներն ազդու՞մ են Ռուսաստանի նկատմամբ բնակչության դիրքորոշման վրա։ Ռուսաստանն այս հակամարտության միջոցով իր ազդեցությունն էր փորձում պահել Հայաստանի վրա, սակայն, երբ անցյալ տարի տեղի ունեցան ադրբեջանական հարձակումները, որևէ քայլ չձեռնարկվեց: Արդյո՞ք սա հայերին Ռուսաստանից հեռացրել է դեպի Եվրոպա:

Արարատ Միրզոյան. Շատ հետաքրքիր հարց է: Գիտեք, այլևս գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, նրա օգնության և ՌԴ հետ ունեցած դաշինքի վերաբերյալ, քանի որ տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը մտածում էր, որ նման իրավիճակների դեպքում, Ռուսաստանը մեզ կօգնի, կպաշտպանի և այլն: Այժմ նրանք տեսնում են, որ դա այդքան էլ այդպես չէ, և մենք օգնություն չենք ստանում: Ավելին, դուք գիտեք, որ 2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահներ էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ ապահովելու  բնակչության անվտանգությունը, սակայն մենք տեսանք, որ բռնի տեղահանման ընթացքում խաղաղապահ առաքելությունն իրեն չարդարացրեց: 

Ավելին, մենք, Ռուսաստանի և մյուս երկրների պես, անդամակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, սակայն, երբ հարձակումներ տեղի ունեցան միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների վրա, կրկին ականատես եղանք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից մեր մյուս դաշնակիցները չարձագանքեցին, նրանց արձագանքը չէր համապատասխանում մեր սպասելիքներին։ Այսպիսով, ինչպես արդեն նշեցի, դա մեծ հիասթափություն է առաջացրել և այժմ Հայաստանում մարդիկ դիտարկում են այլ տարբերակներ: 

Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մենք իսկապես հավատում ենք վերջինիս սկզբունքներին և հասկանալի է, որ դա մեզ ավելի է մոտեցնում ԵՄ-ին ու ԱՄՆ-ին: Այսպիսով, հասարակության մեջ ձևավորված արժեքների տեսանկյունից, մենք մոտեցել ենք ԵՄ-ին և արևմտյան երկրներին: Անվտանգության առումով, Հայաստանի բնակչությունը հոգեբանորեն իրեն կապված էր տեսնում Ռուսաստանի հետ: Այժմ, այդ երկրորդ բաղադրիչը փլուզվել է, և մարդիկ չեն տեսնում այլ պատճառ, որը կխոչընդոտեր ԵՄ-ի հետ հարաբերությունների ավելի սերտացմանը:

Անջա Վեհլեռ-Շոկ. Ես ուզում էի Ձեզ հետ խոսել խաղաղության պայմանագրի մասին, որի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցել են ամիսներ շարունակ, և կարծես թե այս պահին առաջընթաց չկա: Կարո՞ղ եք մի փոքր լույս սփռել իրավիճակի վրա:

Արարատ Միրզոյան. Վերջին 2-3 տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել՝ չնայած իրավիճակի սրացումներին, ՀՀ տարածքի վրա հարձակումներին, բոլոր մարտահրավերներին: Մենք՝ հայկական կողմը, շատ կառուցողական ենք եղել բանակցությունների ընթացքում: Գիտեք, այստեղ կա լավ և վատ նորություն: 

Լավ նորությունն այն է, որ մեզ հաջողվեց, մենք ինչ-որ կերպ կարողացանք որոշակի հաջողություններ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Օրինակ, վերջերս մենք ընդունեցինք երկու երկրների միջև առաջին իրավական փաստաթուղթը, ընդունեցինք համապատասխան սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը: Այս հանձնաժողովներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Այս փաստաթղթում մեզ հաջողվեց համաձայնել, որ սահմանազատման գործընթացի հիմքում պետք է լինի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, որն իսկապես մեծ ձեռքբերում է։ Մանրամասներով չծանրաբեռնելու համար միայն կասեմ, որ ի թիվս այլնի, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրում ասվում էր, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններ հանդիսացող կողմերը, հիմնականում Խորհրդային Միության 15 հանրապետություններից 12-ը, ընդունել են այս փաստաթուղթը: Այսպիսով, ըստ այս փաստաթղթի, հանրապետությունները ճանաչում են, որ նախկին վարչական սահմանները մեր՝ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջև այժմ դառնում են միջազգայնորեն ճանաչված, միջպետական ​​սահմաններ: Սա նշանակում է, որ մենք սահման ունենք Ադրբեջանի հետ, սահմանազատման շուրջ բանակցությունները սկսելիս դրա ունենք ամուր հիմք: 

Վատ նորությունն այն է, որ կան ևս մի քանի թեմաներ, որոնց շուրջ մենք բանակցում ենք, օրինակ՝ ավելի ընդգրկուն փաստաթուղթը՝ խաղաղության պայմանագիրը։ Պատկերացրեք, մենք ունենք մի իրավիճակ, երբ մենք հաշտության պայմանագրի տեքստը գրեթե ավարտել և վերջնական տեսքի ենք բերել, նախագիծը կա, բայց չենք ստորագրում։ Ադրբեջանական կողմը չի ցանկանում ստորագրել այս խաղաղության փաստաթուղթը, խաղաղության պայմանագիրը ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ հաշվարկներով ամեն անգամ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում, և մենք տեսնում ենք, որ նրանք չեն ցանկանում ստորագրել փաստաթուղթը։ Այս անգամ ասում են, որ ավելի շատ բաներ կան, որ կարելի է համաձայնեցնել, բայց մենք կարծում ենք, որ աշխարհում չկա որևէ համաձայնագիր երկու երկրների միջև, որը կարգավորի նրանց հարաբերությունների բոլոր ասպեկտները, բոլոր ոլորտները, մինչդեռ մենք կարող ենք ստորագրել այս շատ լուրջ փաստաթուղթը, ապա շարունակել բանակցել մնացած հարցերի շուրջ: Մենք չենք տեսնում այս քաղաքական կամքն ադրբեջանական կողմից:

Անջա Վեհլեռ-Շոկ. Այսպիսով, նոյեմբերին Բաքվում կանցկացվի COP29 կլիմայի համաժողովը։ Ի՞նչ եք կարծում՝ սա կարո՞ղ է խթան հանդիսանալ խաղաղ գործընթացի արագացման համար:

Արարատ Միրզոյան.  Հուսով եմ, որ դա այդպես է: Եթե ​​հիշում եք, մենք պաշտպանել ենք Ադրբեջանի թեկնածությունը COP29-ի այս միջոցառումը Բաքվում անցկացնելու հարցում: Իսկապես, ես հավատում եմ, որ հիմա մենք կարևոր հանգրվանում ենք, կա իրական հնարավորություն փակելու մեր տարածաշրջանում հակամարտության էջը, գոնե Հայաստանի և Ադրբեջանի միջև, և բացելու խաղաղության և համագործակցության դարաշրջանի նոր էջ։ Այս պահին առկա իրավիճակը, սակայն, այլ է:

Անջա Վեհլեռ-Շոկ. Բազմաթիվ հայեր շարունակում են մտահոգված մնալ Ադրբեջանից հնչող հնարավոր սպառնալիքներից: Ինչպե՞ս է հնարավոր վստահության զգացում ձևավորել հասարակության մեջ, առ այն, որ լինի կայուն խաղաղություն:

Արարատ Միրզոյան. Իրապես լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ: Օրինակ, ադրբեջանական կողմն այժմ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը, որը, ինչպես գիտեք, հիմնականում համընկնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին։ Նրանք պնդում են, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն, ցավոք, տպավորությունը բոլորովին այլ է: Դուք հարցնում եք, թե՞ ինչպես ես՝ որպես արտաքին գործերի նախարար, կամ իմ կառավարությունը, կարող ենք վստահություն ներշնչել: Ցավոք, չեմ կարող վստահություն հայտնել, քանի, որ ես վստահ չեմ Ադրբեջանի խաղաղ ծրագրերի հարցում:

Անջա Վեհլեռ-Շոկ. Ես կասեի, որ դա վատ կետ է խաղաղ բանակցություններ սկսելու համար։ Հուսանք, որ առաջընթաց կլինի: ԵՄ-ն դիտորդական առաքելություն է ուղարկել հայկական կողմից սահմանը վերահսկելու համար։ Սա ի՞նչ էական նշանակություն է ունեցել:

Արարատ Միրզոյան. ԵՄ-ն ուղարկեց դիտորդական առաքելություն, և հետաքրքիր է, որ Ադրբեջանը չհամաձայնեց նույն առաքելությունն ունենալ սահմանի իրենց կողմում: Առաքելությունն իրավիճակին հետևում է միայն սահմանի հայկական կողմից։ Պետք է արձանագրենք, որ Առաքելության տեղակայումից ի վեր որևէ լուրջ սրացում չի եղել։ Այն իսկապես աշխատում է, և մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության այս ջանքերը:

Ի դեպ, անդրադառնալով Եվրոպական միությանը, եթե թույլ կտաք, կցանկանայի նշել, որ սա միակ գործիքը չէ, որն այսօր կիրառվում է Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու համար՝ լինի դա տնտեսական, քաղաքական կամ տարածաշրջանային կայունության ապահովման հարցերում։ Կան մի շարք այլ գործիքներ ևս, որոնք միտված են ինչպես Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, այնպես էլ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների սերտացմանը։ Վերջին շրջանում, վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին զուգահեռ, մենք նաև ստացել ենք ԵՄ աջակցությունը Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում, ինչը գրեթե անհավատալի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դեռևս պաշտոնապես ՀԱՊԿ-ի անդամ է։ Այժմ մենք աշխատում ենք «Գործընկերության նոր օրակարգ» կոչվող համապարփակ փաստաթղթի վրա։ Եվ սա դեռ միայն սկիզբն է։ ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու։

Անջա Վեհլեռ-Շոկ. Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Արարատ Միրզոյան. Մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը և մտադրություն չունենք վերադառնալու այն հարաբերություններին, որոնք եղել են այս դեպքերից առաջ։ Մենք չենք կարող և չենք ուզում լինել ռազմական դաշինքում, որը չի գործում։

Անջա Վեհլեռ-Շոկ. Ի՞նչն է խանգարում Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Արարատ Միրզոյան. Կարծում եմ՝ բոլորս պետք է ավելի զգույշ լինենք, և մեծ գաղտնիք չէ, որ կայունությունը պետք է լինի առաջնահերթություն և այն գործընթացները, որոնք հնարավոր է տեղի ունենան, պետք է լավ հաշվարկվեն և կառավարվեն, ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնել ռիսկերի կառավարմանը և այլն:  Դա այնքան էլ պարզ հարց չէ:

Անջա Վեհլեռ-Շոկ. Հայաստանն ավանդաբար չափազանց բարդ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի հետ, սակայն եղել է կարգավորման գործընթաց, և հուլիսի վերջին հատուկ բանագնացները հանդիպել են ընդհանուր սահմանին: Ինչպիսի՞ զարգացումներ կան:

Արարատ Միրզոյան. Հատուկ ներկայացուցիչները հանդիպել են, բայց նաև ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են լինում ԱԳ նախարարների, Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։ Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Ընդհանուր մթնոլորտը բավականին դրական է: Համաձայնություն ձեռք է բերվել է ամիսներ առաջ՝ ավելի քան մեկ տարի առաջ. մենք պայմանավորվել ենք, որ որևէ նախապայման չկա ո՛չ հայկական կողմից, ո՛չ էլ թուրքական, որ այս գործընթացի արդյունքը պետք է լինի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը, պայմանավորվել ենք, որ որպես առաջին լուրջ դիվանագիտական ​​քայլ պետք է հարաբերություններ հաստատվեն երկու երկրների միջև, ինչպես նաև սահմանը, որը փակ է ավելի քան երեք տասնամյակ, պետք է բացվի առնվազն երրորդ երկրների քաղաքացիների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ 

Բայց մենք տեսնում ենք, որ դա չի իրականացվում. սահմանը դեռ փակ է, դիվանագիտական ​​հարաբերություններ չկան։ Միաժամանակ, եղել են նաև դրական տեղաշարժեր: Մեր փորձագետներն ուսումնասիրել, վերանորոգել և վերակառուցել են որոշ ենթակառուցվածքներ սահմանի այն հատվածում, որտեղ պետք է լինի անցումը։ Նաև հիմա մեր փորձագետները նույն ուսումնասիրությունն են անում, և մենք ենթադրում ենք, որ կշարունակենք այս աշխատանքը, առ այն, թե որտեղ պետք է վերակառուցենք ենթակառուցվածքը, որտեղ ունենք երկաթուղային անցում, երկաթուղային դարպաս։ Այնուամենայնիվ, սահմանը դեռ փակ է, և հետաքրքիր է, որ հայ-թուրքական երկխոսության համատեքստում հայ-թուրքական բնույթի խնդիր չկա։ Միակ խնդիրն այն է, որ մեր թուրք գործընկերներն ասում են, որ միակ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջնականացումն է։ Այնպես որ, թուրք գործընկերները կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող ենք վերջնական տեսքի բերել միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո։ Մինչդեռ մենք՝ Հայաստանում, կարծում ենք, որ ընդհակառակը, եթե ձեռքբերումներ ունենանք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում, ապա դա դրական ազդեցություն կունենա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա։

Անջա Վեհլեռ-Շոկ․ Մենք մոտենում ենք մեր քննարկման ավարտին։ Ինչու՞ չամփոփենք՝ մի փոքր պատմելով, թե ինչպես է Հայաստանը տեսնում իր ուղին դեպի ԵՄ։ Ձեր կառավարությունը շատ հստակ արտահայտել է, որ ցանկանում է մոտենալ ԵՄ-ին։ Ի՞նչ ուղի եք տեսնում:

Արարատ Միրզոյան. Ես ավելի վաղ արդեն նշել եմ, որ մենք գտնվում ենք Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց մերձեցնելու գործընթացի միջանկյալ փուլում։ Արդեն նշեցի, որ կան մի քանի գործիքներ և մեխանիզմներ, որոնք քննարկվում են հենց հիմա։ Մենք արդեն ունեցել ենք մի քանի լուրջ ձեռքբերումներ, ևս մի քանիսը քննարկվում են։ Սրան կարող եմ ավելացնել այն, որ Հայաստանում հիմա շատերը բարձրաձայն խոսում են Հայաստանի՝ Եվրոպական Միությանն անդամակցության մասին։ Կարող եմ ասել, որ ՀՀ քաղաքացիները եվրոպական ձգտումներ ունեն, բայց նաև հարց են հնչեցնում առ այն, թե ինչպիսի՞ն կլինի Եվրոպայի պատասխանն այդ ձգտումներին:

 

Add new comment