Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Ալիեւը հայտարարում է, թե, եթե Հայաստանն ուզում է խաղաղություն, ապա պետք է պատժի «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին», որոնց Հայաստանում հերոսացրել են:
Թերեւս չկա «թարգմանության» կարիք, որ խոսքը պարզապես ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում էական դեր ունեցած մարդկանց մասին է: Դե, այն, որ այդ իմաստով Բաքուն «նշանառության» վերցրել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, կարծես թե անգամ բարձրաձայնել են տարբեր առիթներով: Թե էլ ու՞մ են ներառել «պատժի» ենթակաների իրենց ցանկ, կամ կերեւա ժամանակի ընթացքում, կամ կներկայացնեն այսպես ասած կուլիսներում:
Այստեղ ամենեւին քմահաճույք, կամ այսպես ասած խաղաղության պայմանագրից խուսանավելու պատրվակի հարց չէ, ինչպես կարող է թվալ շատերին: Սա հետեւողական քաղաքականության հարց է, որի նպատակը Հայաստանի պետական ինքնության «ապամոնտաժումն» է: Չէ՞ որ այդ պետական ինքնության կարեւոր մաս է եղել նաեւ նորագույն պատմության արցախյան պայքարի էջը, թե քաղաքական, թե ռազմական՝ ռազմա-քաղաքական իմաստով: Դա ամենեւին ոչ իդեալական, բյուրեղյա, բայց բավականին կուռ մի էջ է, որտեղ հայկական գործոնը դրսեւորվել է թե ռազմական, թե քաղաքական մտքով, կամքով, իր համատեքստում պարունակելով նաեւ դավանա-քաղաքականության կարեւոր շերտ:
Բաքվի խնդիրն այդ ինքնությունն ապամոնտաժելն է, որի շրջանակում հերթական թիրախը բարձրաձայնվում է Ալիեւի մակարդակով»:
Add new comment