Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
Իլհամ Ալիևը հոկտեմբերի 4-ին ելույթ է ունեցել Ջրականի բնակիչների հետ հանդիպմանը` հանդես գալով սպառնալիք պարունակող հայտարարություններով և անհիմն մեղադրանքներով։
Ըստ Ալիևի՝ Հայաստանն է իբրև օկուպացրած պահել իրենց հողերը (նկատի ունի Արցախը - խմբ․), իրականացրել Խոջալուի ցեղասպանություն և այլն:
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նշենք, որ Ադրբեջանի պահանջներից մեկը Մինսկի խմբին է վերաբերում` «համատեղ դիմում ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի լուծարման առաջարկով»։
Բաքվի բռնապետը ելույթում անդրադարձել է նաև Մինսկի խմբին։
«Մինսկի խումբը զբաղվում էր այդ դեպքերը թաքցնելով, ինչ-որ չափով արդարացնելով հայկական օկուպացիան և մղելով Ադրբեջանին դեպի նվաստացուցիչ խաղաղության։ Երբ մենք մեր արդար ձայնը բարձրացրինք միջազգային բոլոր հարթակներում, մեզ ասացին, որ մեր խոսքերը չափազանց կոշտ են, և այդ կոշտ հռետորաբանությունը ոչ թե ավելի է մոտեցնում խաղաղությունը, այլ հեռացնում է այն: Ըստ նրանց՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այսինքն՝ Ֆրանսիան և նման արևմտյան պետություններն ամեն ինչ արեցին այս օկուպացիան հավերժ դարձնելու համար»,- ասել է Ալիևը։
Ամերիկյան Կոնգրեսի 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։
Խոսելով այդ դիմումից` Ալիևը նշել է, որ այն իրենց կամքի վրա չի կարող ազդել, միայն ցույց է տալիս, որ իրենց դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում։
«Այսօր Ադրբեջանի դեմ կիրառվել են ամերիկյան պատժամիջոցներ։ Զուգահեռ ասում են՝ ամրապնդենք մեր բարեկամությունը։ Ի՞նչ բարեկամության մասին կարող ենք խոսել»,- ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանին՝ Ալիևը սպառնացել է. «Հայաստանը միացել է վտանգավոր խաղերին, թող չմոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը և հակաահաբեկչական գործողությունը (ահաբեկչական - խմբ․)»։
Add new comment