ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան

Ի պատասխան լրատվամիջոցի հարցման՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հոկտեմբերի 7-ի նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Նեղ և ընդլայնված կազմերով անցկացված նիստի շրջանակում քննարկվել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։ Նիստի արդյունքներով ՀՀ մասնակցությամբ ընդունվող փաստաթղթերից նախարար Միրզոյանն անդրադարձել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ տալու որոշմանը՝ ընդգծելով նաև քաղաքի հնագույն մշակութային ժառանգությունը: Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 2025 թ․ անցկացվելիք միջոցառումներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ֆաշիզմի, ռասսայական խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարում հայ ժողովրդի ունեցած ներդրումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին շրջանի հիմնական զարգացումներից:

Add new comment