Իրանը թշնամիներին դիմակայելու մի շարք սցենարներ է մշակել․ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Թանգսիրին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նախազգուշացրել է զերծ մնալ կրակի հետ խաղալուց։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Թանգսիրին շեշտել է, որ Իրանը մի շարք սցենարներ է մշակել իր հակառակորդներին դիմակայելու համար։ Նրա խոսքով՝ Իրանը լիովին պատրաստ է հաղթահարել ցանկացած հանգամանք, քանի որ սիոնիստական ռեժիմը մեծացրել է Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների մասին հռետորաբանությունը:
ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը նշել է, որ Իրանը ծրագիր ունի յուրաքանչյուր իրավիճակի համար, որոնցից մեկն ապագայում անկանխատեսելի հանգամանքների դեպքում միջադեպերի վերացման գործողությունների ծրագիր է:
Ավելի վաղ Իսրայելը սպառնացել էր կոշտ պատասխան տալ Իրանի հրթիռային հարձակմանը, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին՝ ի պատասխան պաղեստինյան և լիբանանյան խմբավորումների առաջնորդների սպանության։
Add new comment