50

Հայաստանի համար ի՞նչ է նշանակում՝ հունվարի 1-ից ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը

Նիկոլը մեկնում է Մոսկվա և Պուտինի հետ հանդիպումից գրեթե անմիջապես հետո իմանում ենք, որ «2025 թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Այս լուրը, բնականաբար, հայկական լսարաններին մատուցվելու է որպես Ռուսաստանից «կտրվելու» և Հայաստանի «ահագնացող ինքնիշխանության» ապացույց։

Հավանաբար, ընդդիմությունը նույնպես հենց այս կոնտեքստում է քննադատելու այս որոշումը՝ ակամա ուժեղացնելով այն տպավորությունը, թե սա Նիկոլի նախաձեռնությունն էր։

Բայց փորձենք նախ՝ հասկանալ, թե սա ինչ է նշանակում Հայաստանի համար։ Նշանակում է մի քանի հարյուր կամ ավելի (թիվը պարզ չէ) հայ մարտիկների զբաղեցնել այդ սահմաններում, նշանակում է լրացուցիչ ծախսեր։

Սա այն պարագայում, որ հայ-ադրբեջանական առաջնագծում մարդիկ ստիպված են ամիսներով դիրք պահել առանց փոխարինման:

Մեկ այլ հարց է, թե կհասցնե՞ն արդյոք այդքան մարդու մինչև հունվարի մեկը ընդունել ԱԱԾ և մարզել։ Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը։

Երկրորդը՝ ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար։ Նշանակում է, որ կարող են ՀՀ-ից հանել մի քանի հարյուր կամ ավելի պատրաստի զինվորականների և տեղափոխել Ուկրաինա կամ ռուս-ուկրաինական սահման, որտեղ կենդանի ուժի խրոնիկ դեֆիցիտի պայմաններում նույնիսկ 100 հոգին է եղանակ փոխում։

Այսպիսով` նիկոլական «ինքնիշխանության» հերթական դրսևորումից տուժում է միայն Հայաստանը։

Իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչը լավ նվեր է ստանում ծննդյան օրվա կապակցությամբ»։

Add new comment