Submitted by D.Guyumjyan on
1-

Տարածաշրջանում օտար պետությունների համար ռազմահենադաշտ ստեղծելը սարսափելի հետևանքներ կունենա․ Փեզեշքիանի զգուշացումը Բաքվին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի նախագահն Ադրբեջանի վարչապետին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների համար ռազմահենադաշտ ստեղծելու սարսափելի հետևանքների մասին։ Նա ասել է՝ տարածաշրջանում ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի, սակայն օտար պետությունների համար ռազմահենադաշտ ստեղծելը տարածաշրջանի երկրների շահերից չի ​​բխի:

«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Դա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը միշտ ընդգծել ենք»,- ասել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահը հորդորել է պարզեցնել առևտուրը իսլամական երկրների միջև՝ հայտարարելով, որ  անվտանգության ամրապնդման, խաղաղության խթանման կամ պետությունների միջև հարաբերությունները զարգացնելու համար սահմանների երկայնքով պատեր կառուցելու անհրաժեշտություն չկա:

Մասուդ Փեզեշքիանը ողջունել է նաև Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային ու ցամաքային ուղիների ընդլայնման նախաձեռնությունները։ Նա հավելել է, որ Թեհրանը ձգտում է զարգացնել համագործակցությունը Բաքվի հետ տարբեր ոլորտներում՝ մասնավորապես էներգետիկ և գյուղատնտեսության բնագավառում:

 

 

Add new comment